Անույշ մանկություն․ շոկոլադային իրարանցում հրուշակագործության լաբորատորիայում

Գաղափարը ծնվեց անսպասելի եւ շատ արագ կյանքի կոչվեց: Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի աշխատակցուհիները որոշեցին իրենց մինչ-եւ դպրոցահասակ երեխաներին բերել եւ մասնակից դարձնել շոկոլադ պատրաստելու հետաքրքիր ու համեղ գործընթացին: Դեկտեմբերի 27-ին գաղափարն իրականություն դարձավ:
Երբեք այս լաբորատորիայում, տարիքային ոչ մի խմբում այսչափ հետաքրքրված-կենտրոնացած դեմքեր չէինք տեսել: Մանչուկներն ու աղջնակները գործի ողջ կարեւորությունը գիտակցելով, գլխովին տրվել էին անույշ հեքիաթ հորինել-հյուսելու հաճույքին: Եւ ինչ լրջորեն էին արարում: Չորրորդ դասարանցի կալորիտային կերպար Գուրգենը գիտե, որ իր անունը «գալիս» է չորրորդ դարից, ինքը պապիկից է ժառանգել այն: Հարցին, թե՝ հետաքրքի՞ր է, պատասխանեց՝ շատ:
-Կուզե՞ս հրուշակագործ դառնալ:
-Ոչ, հրուշակագործ չէ, միայն շոկոլադարգործ․․․
Լուիզան արդեն որոշել է՝ բժշկուհի է դառնալու, բայց մերձավորներին քաղցր ուրախություններ պարգեւելու արվեստը համատեղելի է երազանքի հետ:
Որոշ ժամանակ անց սառնարանից դուրս են բերվում փոքրիկների ստեղծած կոնֆետները, դրանք տեղադրվում են տոնածառի խաղալիք հիշեցնող հատուկ գնդիկներում: Վերջ, այս տարվա տոնածառի ամենակարեւոր զարդն արդեն պատրաստ է՝ համեղ, ակնահաճո եւ կանչող:
Հիշյալ ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Նարինե Հովհաննիսյանը երեխաների ուրախությունն ու խանդավառությունը տեսնելով, հանդես եկավ նոր առաջարկությամբ՝ հունվարից կարելի է պարզեցված դասընթացներ կազմակերպել դպրոցահասակների համար: Շատերին այն պարզապես համեղ արկածախնդրություն կթվա, իսկ ավելի հեռատեսների համար սա կարող է մասնագիտության ընտրության ու ողջ կյանքի նվիրումի, մեծ ճանապարհի սկիզբը լինել: