Անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն․ մեկնարկած նախագիծը խոստումնալից է

Մարտի 12-ին Ագրիթեք սրահում կայացավ «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի մեկնարկային միջոցառումը։ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունից ֆինանսավորվող նախագիծն իրականացնում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Շվեյցարիայի անտառի, ձյան եւ լանդշաֆտի դաշնային ինստիտուտը (WSL)։ Նախագիծը նպատակ է հետապնդում աջակցել մեր երկրում անտառի ազգային քաղաքականության ներդրմանը՝ անտառների մշտադիտարկման բարելավման եւ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։

Պետական, մասնագիտական, միջազգային կազմակերպությունների, ՀԿ ոլորտի ներկայացուցչական եւ շահագրգիռ մասնակցությունը վկայում է նախագծի կարեւորության մասին։ Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանը, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանը, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը եւ WSL-ի  հետազոտական աշխատանքների գծով համադրող Մարկո Փյուցը։

Պարոն Մաթեւոսյանը, պարոն Մեյմարյանը եւ պարոն Ազիզյանը շնորհավորեցին նախագծի պաշտոնական մեկնարկը, շնորհակալություն հայտնեցին շվեյցարական գործընկերներին եւ ՀԱԱՀ-ին եւ հաջողություն մաղթեցին պետական կարեւորություն ունեցող նախագծի իրականացման գործում։ Պարոն Մեյմարյանը մասնավորապես շեշտեց ՀԱԱՀ-ի դերը նախագծի գիտական բաղադրիչի իրականացման գործում։

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը ջերմորեն ողջունեց հավաքվածներին եւ նշեց, որ մեկնարկող նախագիծը հերթական մասշտաբային նախաձեռնություններից է, որի իրականացմանը համալսարանը ձեռնամուխ է եղել պատվով ու պատասխանատվությամբ։ Պարոն Զաքոյանը կարեւոր համարեց նախագծում ներգրավված ՀԱԱՀ մասնագետների եւ նրանց տեղական ու միջազգային գործընկերների ակնկալվող ներդրումը։ «Ագրարային համալսարանի դերակատարությունը չի սահմանափակվելու միայն գիտահետազոտական գործունեությամբ, լայն համագործակցություն է լինելու տարբեր ՀԿ-ների, պետական մարմինների հետ եւ, ամենակարեւորը՝ փորձելու ենք գործընթացի մեջ ներգրավել նաեւ ուսանողներին, որոնք, չսահմանափակվելով զուտ ուսումնական գործընթացով, կձգտեն մասնակցություն եւ դերակատարություն ունենալ ոլորտի «օրվա անցուդարձին»՝ դեռեւս ուսանողական տարիներից փորձելով նպաստել երկրում դրական փոփոխությունների իրականացմանը», – ասաց պարոն Զաքոյանը։

WSL-ի հետազոտությունների գծով համադրող Մարկո Փյուցը բարձր գնահատեց նախագծի շրջանակում Ագրարային համալսարանի հետ համագործակցելու հնարավորությունը, մասնավորապես նշելով, որ Հայաստանում աշխատելու հաջողված փորձառության համատեքստում ՀԱԱՀ-ի հետ գործակցությունը դեռեւ «սպիտակ կետ» է իր ինստիտուտի համար եւ ինքն այստեղ է՝ այս բացը լրացնելու մտադրությամբ։

«Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» նախագծի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան բնապահպանական կրթական ծրագրերի գծով ՀԱԱՀ ռեկտորի խորհրդական, նախագծի ՀԱԱՀ ղեկավար Էմիլ Գեւորգյանը եւ WSL-ի  հետազոտական աշխատանքների գծով համադրող Մարկո Փյուցը։

Պարոն Գեւորգյանը ներկայացրեց նախագծի առաջին բաղադրիչի՝ 2023 թ․ դեկտեմբերին մեկնարկած եւ 2024 թ․ նոյեմբերին ավարտվելիք աշխատանքները, ներառյալ անտառվերականգնման եւ ագրոատառաբուծության զարգացման գործում հարակայուն, տնտեսապես կենսունակ եղանակներով գյուղական համայնքներին ներգրավելը եւ նախագծի մյուս բաղադրիչների նախապատրաստական աշխատանքներին նպաստելը։ Իր հերթին պարոն Փյուցը ներկայացրեց նախագծի՝ WSL ինստիտուտի նախապատրաստած իրականացման պլանը։

Ծավալված շահագրգիռ մասնագիտական քննարկումների առանցքում էին գործընկերային փորձի փոխադարձ օգտագործումը, թիմային աշխատանքը, համայնքների հետ աշխատանքի նրբություններն ու արդյունավետության բարձրացումը, պետական գերատեսչությունների եւ ՀԿ հատվածի հետ ռազմավարական գործակցության համար ստեղծված նպաստավոր պայմաններից առավելագույն արդյունք քաղելու փոխադարձ պատրաստակամությունը։ Բարձրացվող մասնագիտական եւ մերձմասնագիտական բազմաթիվ հարցերին սպառիչ պատասխաններ տվեց, մասնավորապես, նախագծի փորձագետ, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոն դասախոս Արթուր Ալավերդյանը։

Նախագիծն իրականացնող թիմը վճռական է տրամադրված մեր երկրի համար անչափ կարեւոր ոլորտում դրական փոփոխությունների հասնելու հարցում։