Ագրարային համալսարանը միացել է համազգային դրամահավաքին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, միանալով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին, հատուկ հաշվեհամարին փոխանցել է 3 մլն դրամ:

Զուգահեռաբար, ՀԱԱՀ-ի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հավաքված ուշ փչացող մթերքի, հագուստի, հիգիենայի պարագաների, ծխախոտի եւ դեղորայքի (ներառյալ դրամահավաքի միջոցով ձեռք բերված) առաջին խմբաքանակը այսօր առավոտյան ուղեւորվել է Արցախ՝ առաջնագիծ: Գործընթացը շարունակվում է:

Ագրարային համալսարանի ռեկտորատը, աշխատակազմի ղեկավարությունը և Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունը հանդես են եկել Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արյուն հանձնելու նախաձեռնությամբ: Կենտրոնից տեղեկացրել են, որ այս պահին արյան անհրաժեշտություն չկա, սակայն արյուն հանձնելու մեր «հերթը» կլինի եկող շաբաթ: Ցանկացողները կարող են գրանցվել ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի մոտ՝ գլխավոր մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ: Կարեւոր է ի նկատի ունենալ, որ կան սահմանափակումներ, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ: