Ստեղծվել է Գեոդեզիստների եւ հողաշինարարների համահայկական միություն

Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի դասախոսներ Դավիթ Սողոմոնյանը եւ Արայիկ Հակոբյանը Գեոդեզիստների եւ հողաշինարարների համահայկական միություն ստեղծելու գաղափարի հեղինակներից եւ այսօր արդեն ստեղծված միության չորս հիմնադիր անդամներից երկուսն են: Մյուս երկուսը Արման Ավետիսյանը եւ Արթուր Ամիրաղյանն են: Օրերս նորաստեղծ միության հիմնադիրները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ միությունը ստեղծվել է ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Դա պահանջում է թիմային աշխատանք, միասնական մոտեցում եւ միասնական ջանքեր:

2021թ. հունիսի 15-ի հիմնադիր ժողովին, որի ժամանակ որոշվել է ստեղծել «Գեոդեզիստների եւ հողաշինարարների համահայկական միություն» հասարակական կազմակերպություն, հետեւել է կազմակերպության հանդիսավոր բացման շնորհանդեսը, որը տեղի է ունեցել 2021թ. հունիսի 30-ին: Մասնակցում էին ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Ս. Թովմասյանը, ՀՀ ՔՏՀԱ  տեսչական մարմնի  ղեկավարի տեղակալ Ա. Շահբազյանը, այլ պաշտոնատար անձիք, բուհերի ներկայացուցիչներ եւ ոլորտի մասնագետներ:

Ավելի քան 9 տարի է Հայաստանի Հանրապետությունում ներդրված է չափագրողների (հաշվառողների), գեոդեզիստների, հողաշինարարների, քարտեզագրողների որակավորման ինստիտուտը: Սակայն, ցայսօր երկրում առկա չէր որեւէ հասարակական միավորում, որը կզբաղվեր ոլորտի մասնագետների իրավունքների պաշտպանությամբ, ոլորտային խնդիրների վերհանմամբ, ինչպես նաեւ հասարարկական հետաքննությունների (ուսումնասիրությունների) իրականացմամբ եւ մասնագիտական հիմնահարցերի շուրջ հասարակական կարծիքի ձեւավորմամբ: Հետայսու, այս խնդիրներով եւ ոլորտային հիմնահարցերով մենք փորձելու ենք չլինել անհաղորդ եւ միության ավանդը ներդնել ի նպաստ ոլորտի զարգացման, որն էլ իր հերթին պետք է ծառայի մեր պետության զարգացմանն ու հզորացմանը, ասվում է տարածված հայտարարությունում:

Միության հիմնադիրները նշում են, որ ցանկանում են միավորել ոլորտի մասնագետներին հանուն ոլորտի զարգացման, հայրենական գիտության եւ արտադրության առաջընթացի նպատակով, որպեսզի միասնական ուժերով սատար լինեն ոլորտի մասնագետների մասնագիտական եւ հեղինակային իրավունքների պաշտպանությանը եւ նպաստեն փոխվստահության եւ արդար մրցակցության ձեւավորմանը:

Ավելին, միության պատասխանատուները նշում են, որ անմասն չեն մնալու երկրի առջեւ ծառացած օրակարգային խնդիրների լուծումից, այդ թվում` պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներում: Եվ առաջարկելու են միության մասնակիցների գիտելիքները, փորձը, հմտությունները, ունեցած միջոցները ծառայեցնել ի նպաստ այդ խնդիրների լուծմանը:

Մեր համալսարանի մասնագետներն առանցքային դերակատարություն են ստանձնել նորաստեղծ կառույցում եւ դրա գործունեության տարբեր ուղղություններում: