Մագիստրոսական ավարտաճառեր. Գինու տեխնոլոգների պաշտպանության ժամանակ բաժակները… «քչություն» էին անում

Իսկ պատճառն այն էր, որ տեխնոլոգիական մասնագիտությունների գծով ավարտաճառերի թեմաները վաղուց դադարել են դատարկ-«փուչիկ»-անիմաստ-ձեւական բնույթ կրելուց:

Երիտասարդներին տալիս են նոր, չտրորված ճանապարհներով քայլել-անցնելու, ստեղծել-ստեղծագործելու լայն հնարավորություններ: Նոր համ եւ բույր, նոր գույն ու երանգ, նոր մշակույթ արարելու հնարավորություն: Մինչ պաշտպանությունը նոր ըմպելիքները, ալկոհոլային խմիչքները խիստ գաստրոմոտոգրաֆիկ եւ այլ փորձաքննությունների են ենթարկվում: Իսկ պաշտպանության ժամանակ մատուցվում են՝ խնդրեմ գնահատեք:

Ատեստավորման հանձնաժողովի նախագահ Տիգրան Խաչատրյանն ու անդամները (բոլորն էլ արտադրության գերազանց փորձառությամբ) լավ են ճանաչում «հինգ րոպե պակաս» մագիստրոսներին, կրտսեր գործընկերներին, որոնք հասակ են առել, կայացել իրենց աչալուրջ, հետեւողական եւ խստապահանջ հոգածության ներքո:

Ի դեպ, բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նունե Սիմոնյանը, որ օտար լեզուների իմացության շնորհիվ լայնորեն շփվում է արտերկրի գործընկերների հետ, փորձի՝ հավասարազոր փոխանակման շնորհիվ կարողանում է մեր 6000-ամյա փորձառությունը շաղախել ժամանակակից զարգացումներին, գերմանացի գործընկերների հետ շփումից տեղեկացել է, որ այնտեղ հենց արտադրության ներկայացուցիչներն են առաջարկում ավարտաճառերի թեմաները: Քանզի հրաշալի գիտեն ոլորտի կարիքները, ուժեղ եւ թույլ կողմերը, տեսլականը:

Ավարտին, հանձնաժողովի նախագահ պարոն Խաչատրյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը մաղթեցին, որ հաջողությամբ պսակվի նրանց մասնագիտական գործունեությունը  եւ, որ հարազատ բուհի, դասախոսների հետ կապը անքակտելի-ամուր լինի:

Շրջանավարտների անունից Լուսինե Բալայանը, որ 2000-ին ավարտել էր Ագրարայինը, իսկ հիմա եկել էր երկրորդ մասնագիտություն ստանալու, ասաց. «Ինչպես ջերմ եղել է մեր բուհը, էդպես էլ կա: Շնորհակալություն ընձեռված բոլոր հնարավորությունների համար»: