ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Այսօր ողջ հայությունը, ինչպես եւ քաղաքակիրթ այլ ազգերի բազմաթիվ ներկայացուցիչներ հարգանքի ու խոնարհումի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Խնկարկելով եւ անմոռաց պահելով Ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն զոհերի հիշատակը եւ հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ ու դժվարություններ, Հայաստանը շարունակում է առաջ ընթանալ այն ճանապարհով, որն առավել բնորոշ է հայ ժողովրդին՝ ստեղծագործ աշխատանք, կրթություն, գիտություն, մշակույթ եւ խաղաղ ու արժանապատիվ գոյակցություն։

Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման ընդգրկուն մարտահրավերն ունի հույժ կարեւոր մեկ բաղադրիչ, որի հաղթահարման առաջնորդող ուժն ու պատասխանատուներից է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը․ դա մեր պետության ազգային անվտանգության անբաժանելի մաս հանդիսացող պարենային անվտանգության ապահովման գործին նպաստելն է՝ ագրոպարենային ոլորտի համար բարձրակարգ մասնագետներ պատրաստելու միջոցով։

Մեզ բաժին ընկած պատասխանատու եւ պատվաբեր աշխատանքը կատարում ենք անսասան կամքով ու ձգտումով, որ ապահովվի շարունակական առաջընթաց եւ այլեւս երբեք ոչ մի ժողովրդի կյանքում չկրկնվի այն, ինչ եղավ հայերիս հետ 111 տարի առաջ։