ՀԱԱՀ-ն ակտիվորեն մասնակցել է ֆունկցիոնալ սննդամթերքի վերաբերյալ միջազգային գիտաժողովին

ՀԱԱՀ գիտական տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, դասախոսներ եւ ուսանողներ մասնակցել են ԱՄՆ ֆունկցիոնալ սննդամթերքի կենտրոնի (FFC)՝ 2023 թ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ԵՊՀ-ում կայացած «Ֆունկցիոնալ սննդամթերքը եւ կենսաակտիվ միացությունները առողջության եւ հիվանդությունների համատեքստում․ ժամանակակից եւ միջնադարյան մոտեցումներ» վերտառությամբ 31-րդ միջազգային գիտաժողովին ու ցուցահանդեսին եւ ֆունկցիոնալ սննդամթերքի եւ կենսաակտիվ միացությունների ակադեմիական ընկերակցության (ASFFBC) 19-րդ սիմպոզիումին։ Գիտաժողովը ի մի էր բերել 26 երկրի հարյուրավոր մասնակիցների (200-ը՝ առցանց)։
Համաշխարհային նշանակության այս իրադարձությանը, որն այս անգամ տեղի ունեցավ մեր երկրում, Ագրարային համալսարանի գիտական ստորաբաժանումները ներկայացել էին բավականին մեծ թվով պաստառներով եւ գիտական զեկուցումներով։ ՀԱԱՀ Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ, կենս․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Աստղիկ Փեփոյանը հանդես եկավ ««Նարինե» պրոբիոտիկի ազդեցությունը միջերկրածովյան ընտանեկան տենդ ունեցող COVID-19-ով հիվանդների աղիքային միկրոբիոտայի կազմի վրա», ՀԱԱՀ Ոսկեհատի «Խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտաշխատող Բելլա Գրիգորյանը՝ «Խաղողի Չարենցի մշակաձեւում եւ դրանով պատրաստված գինու մեջ կենսաակտիվ միացությունների հետազոտումը», ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի հայցորդ Բելլա Բաբայանը՝ «Գինեթթվի նոր ածանցյալները՝ որպես սննդամթերքի փաթեթավորման հակամանրէային հավելումների հեռանկարային եւ անվտանգ այլընտրանք» եւ ՀԱԱՀ գիտխորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ «Հայաստանում մակրոսննդանյութերի ընդունման գնահատումը տնային տնտեսությունների բյուջեի հիման վրա» թեմաներով զեկուցումներով։
Ագրարային համալսարանի գիտական ստորաբաժանումները լավ առիթ ունեցան նաեւ ցուցադրելու իրենց պատրաստած պաստառները ֆունկցիոնալ սննդամթերքի եւ հարակից ոլորտների վերջին հետազոտությունների, ստացված գիտական արդյունքների վերաբերյալ, որոնք բավականին մեծ հետաքրքրությամբ ընդունվեցին տարբեր երկրներից ժամանած գործընկերների շրջանում։
Զուգահեռաբար ընթացող ցուցահանդեսը ֆունկցիոնալ սննդամթերքի հսկայական ներուժի կենտրոնացման եւ ցուցադրման վայր էր, ներուժ, որի օգտագործման հնարավորություններն անհրաժեշտ է առավելագույնս մատչելի դարձնել դրանք ստեղծողների եւ պոտենցիալ սպառողների համար։ Ֆունկցիոնալ սննդամթերքի՝ ցուցահանդեսի 18 տաղավարներում ներկայացված բազմազան ու նորարարական նմուշները կգոհացնեին ամենաքմահաճ քիմքն ու ամենբարձր սպառողական պահանջները։ Հաճելի է գիտակցել, որ ցուցահանդեսի մասնակիցների զգալի մասը Ագրարային համալսարանում կրթություն ստացած, բիզնեսում կայացած, կայացող եւ կայանալու լավ նախադրյալներ ունեցող ստեղծարար մարդիկ են։
Բուն համալսարանը ներկայացված էր իր տաղավարով եւ ցուցահանդեսի օրերին այցելուներին նվազագույնը գոհացրեց մեր լաբորատորիաներում ստեղծված հացամթերքով, շոկոլադներով, գարեջրով, գինիով եւ թթու կաթնամթերքով։
Հիշեցնենք, որ գիտաժողովի կազմակերպիչը՝ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնը (FFC) ֆունկցիոնալ սննդամթերքի գնահատման եւ ֆունկցիոնալ սննդագիտության բնագավառում հանրային կրթության ոլորտների համաշխարհային առաջատար կազմակերպությունն է, որը 1998 թ․ հիմնադրել է մեր հայրենակից, ծնունդով արցախցի, ոլորտում համաշխարհային հեղինակություն վայելող դոկտոր Դանիկ Մարտիրոսյանը։