Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ. հանդիպում աշխատանքային կիսամյակի առաջին ամսվա ավարտին

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանն ու փոխդեկան Վոլոդյա Ասատրյանը, թողարկող ամբիոնների վարիչների մասնակցությամբ հանդիպում-քաննարկման էին հրավիրել բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողներին. «Աշխատանքային կիսամյակի առաջին ամիսը լրացավ: Նպատակ ունենք պարզել իրավիճակը: Ինչ խնդիրներ ունեք, հո խոչընդոտներ չկան: Կարող եք նաեւ հաջողությունների մասին պատմել»:

Դեկանը համոզված է, որ այս կարգի հանդիպումները, իսկ նրանք պայմանավորվեցին, որ ամեն ամսվա սկզբին պետք է ի մի գան, կբարձրացնեն ուսանողների զգոնությունը, պատասխանատվությունը: Չէ որ ձախողված աշխատանքային կիսամյակը ոչ մի կերպ հնարավոր չէ շտկել-լրացնել եւ կարող են պարզապես դուրս մնալ համալսարանից. կիսամյակի ամփոփման 70 տոկոսն էլ ձեւավորվում է գործատուի գնահատականով: Ի դեպ, 45-ից ավելի ընկերությունների հետ ստորագրված հուշագրերը ֆակուլտետի ուսանողներին ընտրության մեծ հնարավորություն են տալիս:

-Այս կարգի հանդիպումները կարեւոր են նաեւ մեզ համար,- ուսանողներին դիմելով ասում է հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը,-Եթե կան մասնագիտական հարցեր, որոնք տեղում հանգամանորեն ուսումնասիրելու կարիք եք զգում, կարող ենք դիմել ընկերություններին, որ ավելի հիմնարար դիտարկեք դրանք:

Ագրարայինը առաջինն էր, որ անցյալ տարի ներդրեց աշխատանքային կիսամյակը: Այսօր արդեն երկրի մյուս բուհերից գալիս են ուսումնասիրելու առաջին-օրինակելի փորձն ու արդյունքները:

-Արդեն առաջին աշխատավարձերը ստացե՞լ եք,-հարցնում է դեկանը,-եթե գաղտնիք չէ կասե՞ք չափը:

-Գաղտնիք է,-չարաճճի ժպիտով հակադարձում են երիտասարդները:

Բոլորը հստակ պայմանավորվեցին՝ հաջորդ հանդիպումը նոյեմբերի 1-ին է լինելու: Եւ չի բացառվում, որ ուսանողներից շատերը հենց արտադրությունում աշխատանքի ընթացքում կգտնեն այն խնդիրները, որոնց նվիրված կլինեն ավարտաճառերի թեմաները: