Ագրարայինը հյուրընկալեց հայ-իրանական առաջին ագրոտեխնոլոգիական խորհրդաժողովը

Այսօր՝ մայիսի 27-ին կայացավ Հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին խորհրդաժողովը, որ կոչված էր արդյունավետ եւ կայուն համագործակցություն ստեղծել Հայաստանի եւ Իրանի ագրոտեխնոլոգիական կազմակերպությունների եւ ոլորտի պատասխանատուների միջեւ։

Ողջունելով մասնակիցներին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը խորհրդաժողովը դիտարկեց որպես ոչ միայն ագրոտեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության կարեւոր հարթակ, այլեւ երկկողմանի գիտակրթական եւ տնտեսական կապերի ու բարեկամության ամրապնդման լավ հնարավորություն, որի համար նա շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը, Իրանի բարեկամ ժողովրդին եւ մասնավոր հատվածի իրանցի գործընկերներին։ Շեշտադրելով համալսարանի՝ ագրոտեխնոլոգիական կրթագիտական գերազանցության կենտրոնի փոխակերպման գոհացուցիչ ընթացքը, ռեկտոր Ուռուտյանը բարձր գնահատեց իրանական մասնավոր հատվածի եւ համալսարանների հետ ոլորտում համագործակցելու հեռանկարները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ կառավարության անունից ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին, նույնպես շատ բարձր գնահատեց հայ-իրանական բազմակողմանի համագործակցությունն ու պատմամշակութային ընդհանրությունները։ Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը, պարոն Գաբրիելյանը գոհունակությամբ նշեց վերջին ժամանակահատվածում գործարար կապերի ակտիվացման փաստը։ Փոխնախարարը խորհրդաժողովը գնահատեց որպես գյուղատնտեսության ոլորտում համատեղ ընկերությունների հիմնման, պարարտանյութերի, չորադիմացկուն սերմերի եւ համակցված կերերի արտադրության եւ անասնաբուծության զարգացման խթանման լավ հնարավորություն։

Նորին գերազանցություն ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Աբաս Բադախշան Զոհուրին, ընդգծելով ժամանակակից գյուղատնտեսության տեխնոլոգիական բնույթը, նշեց, որ գյուղատնտեսություն հասկացության նոր իմաստը ենթադրում է գյուղարտադրանքի ավելացում՝ հարգելով բնությունը եւ չվնասելով այն, նվազեցնելով ոռոգման ջրի օգտագործման ծավալները եւ զարկ տալով առողջ, օրգանական մթերքի արտադրությանը։ Դեսպան Զոհուրին հեռանկարային է համարում Իրանի համալսարանների եւ ՀԱԱՀ-ի համագործակցությունը, մասնավորապես, օրգանական գյուղատնտեսության ուղղությամբ։ Դեսպանի կարծիքով, համալսարանական ակտիվ համագործակցությունը պետք է սկսվի տվյալների հուսալի շտեմարանի ստեղծմամբ, առաջնահերթությունների սահմանմամբ եւ շարունակվի երկու երկրների ուսանողների համար կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներով, ուսանողական հետազոտական դրամաշնորհային ծրագրերով, մասնավորապես՝ Սյունիքի մարզում, որտեղ շուտով բարեկամ երկիրը կբացի հյուպատոսարան։

Խորհրդաժողովի ընթացքում Իրանական գյուղատնտեսական նորարարությունների թեմայով զեկուցումներով հանդես եկան ագրոտեխնոլոգիաների ոլորտի իրանական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարները։ Հայ-իրանական փոխգործակցության հաջողված օրինակների մասին խոսեցին Իրանի Մշտական արտահանումների եւ ներդրումների կենտրոնի գլխավոր տնօրեն դոկտ․ Համիդ Ադիբզադեն, դոկտ․ Ալիռեզա Շիրմոհամդի Ֆարդը՝ ISU համալսարանից եւ NEXUS and HSE ընկերության փոխնախագահ Բահրամ Թահերին։

«ՀԱԱՀ փորձը․ ինչ ենք մենք առաջարկում» խորագրի ներքո զեկուցումներ ներկայացրեցին Գեւիկ Դավուդին, պրոֆ․ Գուրգեն Եղիազարյանը եւ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Ռեկտորի զեկույցը, մասնավորապես, վերաբերում էր ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիական կրթագիտական գերազանցության կենտրոնի անցման ընթացքին։

Օրակարգային հարցերի շուրջ եղան ակտիվ հարցուպատասխան, շահագրգիռ քննարկումներ։ Ավարտին իրանցի գործընկերները ծանոթացան համալսարանի նորարարական լաբորատորաիներին ու կենտրոններին։