Քոլեջում ուսումնական ռիթմը հստակ է. ջերմ ակութ՝ ձմռան ցրտին

Առցանց դասերից ու արձակուրդային թմբիրից հետո ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում վերսկսվել է առկա ուսումնական գործընթացը: Ուսանողներն ու դասախոսները սպասում էին, որ դադարի հետեւանքով ձմեռային պաղ, անհրապույր միջավայր են տեսնելու՝ դժվարությամբ աշխատանքային ռիթմին վերադարձող:

Ամենեւին: Աշխուժություն է ուղիղ ժամը 9-ից: Բոլորը տեղում են՝ դասախոս-սովորողներ հանրույթը, աշխատանքային եռանդով լեցուն: Առերեւույթ՝ հպանցիկ հայացքն արձանագրում է, որ քոլեջի շենքը բարոյապես ու ֆիզիկապես մաշված է ու ժամանակակից կրթական կյանքին ոչ համահունչ: Երկրորդ՝ ավելի ուշադիր, դիտարկմամբ այն տաք-ջերմ, մի տեսակ մեծ ընտանիքի տուն է հիշեցնում: Մեծ ու փոքրով իրար հարգող, ընդհանուր հույզերով-հույսերով եւ նպատակներով ապրող-արարող ընտանիքի ակութ: Ոչ միայն դասախոսները, այլեւ տնօրենն ու փոխտնօրենները քոլեջի սաներին ճանաչում են անուն առ անուն: Գիտեն նրանց ուժեղ ու թույլ կողմերը: Առավել կարեւոր է, որ գիտեն նաեւ թույլն ու խոցելին շտկելու ճանապարհները:

Շենքը տաք է, սենյակային բույսերը՝ առողջ փայլով, խնամված, փարթամ, տրամադրություն ստեղծող: Իսկ մաքրությունն ուղղակի ապշեցնող է: Հազար տեղից կարկատած խորհրդային դարաշրջանի լինոլիումը փայլում է մաքրությունից՝ հակառակ դրսի ցեխուջրին: Ընդհանրապես մաքրության բույրն է իշխում մասնաշենքում:

Եւ մի ավելորդ անգամ համոզվում ենք ժողովրդական իմաստության ճշմարտացիության մեջ՝ խաչը տերն է զորավոր դարձնում: Հին ու անհրապույր շինությունն էլ կարող է փայլել, երբ նվիրված տանտերերի ձեռքում է գտնվում: Իսկ տանտերի նպատակներն ու ծրագրերը ամենեւին չեն սահմանափակվում հին ու մաքուր շենքում հնարավորինս արդյունավետ գործունեություն ծավալելով: ՀԱԱՀ քոլեջը, ինչպես եւ ամբողջ համալսարանը, ոտք է դրել վերափոխումների, առաջընթացի, նորարարության փուլ: