Ոսկեհատի տնտեսությունն ունի նոր տեխնիկա, հիմնվել է ինտենսիվ այգի

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ Արամայիս Եսոյանը եւ Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման և տեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչ Արմեն Մարգարյանն ապրիլի 2-ին այցելել էին ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսություն՝ ծանոթանալու ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, ստացված նոր գյուղատնտեսական տեխնիկային:
Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ եւ ICARE հիմնադրամի հետ գործակցությամբ իրականացվող նախագծի ագրոտեխնիկական բաղադրիչի ղեկավար Սարգիս Մկրտչյանի օգնությամբ ֆակուլտետի պատասխանատուները նախ մանրամասնորեն ծանոթացան ստացված գյուղտեխնիկային՝ չինական Դոնգ Ֆենգ ընկերության արտադրած 56-ձիաուժանոց տրակտոր, մուլչապատող մեքենա, կուլտիվատորներ, 600 լ տարողությամբ սրսկիչ, ֆրեզեր, գութան եւ այլն: Մասնագետները համոզվեցին, որ Ոսկեհատի տնտեսության հողերի կառուցվածքի, նախանշված ուսուցողական, ցուցադրական եւ արտադրական նպատակների իրականացման տեսակետից նախագծի պատասխանատուներն ընտրել են առավել օպտիմալ հզորության եւ նպատակահարմար մեքենասարքավորումներ:
Պատեհ առիթն օգտագործելով, ճարտարագետները ծանոթացան ՀԱԱՀ Ոսկեհատի գինեգործարանին եւ Գինեգործության ուսումնագիտական կենտրոնին, որն, ի դեպ, վերջերս համալրվել է նոր սարքավորումներով, այդ թվում, GIZ-ի աջակցությամբ՝ հովացման նոր համակարգով: Գինեգործարանի եւ ուսումնագիտական կենտրոնի գործունեությանը ճարտարագետները ծանոթացան տնօրեն Արտակ Գաբրիելյանի օգնությամբ:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց, որ գործարանում եւ հարեւանությամբ գործող փորձարարական հատվածում՝ ուսումնագիտական կենտրոնում մեր դասախոսների եւ ուսանողների ձեռքով ստեղծվում են բարձրորակ գինիներ, ընդ որում, նրանց այստեղ տրված է ստեղծագործելու, փորձարարություններ անելու եւ նույնիսկ գինեգործական ստարտափներ հիմնելու հնարավորություն:
Փորձարարության ազատությունն ու հնարավորությունները տրված են նաեւ ՖՐՈՒՏԵՆԻԱ-ի շրջանակում հիմնվող ինտենսիվ այգում, որի հիմնման աշխատանքներն այս պահին ինտենսիվ կերպով ընթանում են Ոսկեհատի տնտեսության հողատարածքներից այգու համար հատկացված 2 հեկտարի վրա: Արդեն տնկվել են չորս պտղատեսակների (ծիրանենի, սալորենի, կեռասենի, դեղձենի) բազմաթիվ սորտերի տնկիներ՝ հիմնականում արտերկրից բերված: Այգու եւ հարակից դաշտերի ոռոգման նպատակով բոլորովին վերջերս կառուցվել է ոռոգման ջրամբար: Առաջիկայում տնտեսությունում կունենանք նաեւ եղանակային սեփական կայաններ:
Լավագույն սորտերը կընտրվեն Հայաստանում շրջանացման նպատակով: «Որպես Ագրարային համալսարան, հենց մենք պետք է ստանձնեինք այսպիսի փորձարարության պատասխանատվությունը, որը կարեւոր է ամբողջ երկրի համար: Ընդ որում, գիտական աշխատանքի ու հետազոտության լայն հնարավորություններ են բացվում մեր մասնագետների եւ ուսանողների համար», – ասում է ռեկտոր Ուռուտյանը:
Տպավորիչ է նաեւ հարեւանությամբ ցանված 10 հա ցորենի սերմադաշտը, որի առողջ տեսքը վստահություն է ներշնչում, որ աշնանը կունենանք ցորենի բարձրորակ էլիտար սերմացու, ինչպես պլանավորել ենք:
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչները՝ մեր բազմափորձ մասնագետները, գոհունակությամբ հեռացան Ոսկեհատի տնտեսությունից: Նրանք համոզված են, որ համալսարանի՝ տարիներ շարունակ չօգտագործված-անարդյունավետ օգտագործվող հողային ռեսուրսներն ու արտադրական կարողություններն այսօր արդեն օգտագործվում են մեծ արդյունավետությամբ, մասնագիտական խնամքով ու տիրոջ սրտացավությամբ: