Փորձուսուցումից հետո ամրապնդվել է որպես մասնագետ կայանալու հավատը

Կադաստրի կոմիտեում անցկացրած աշխատանային կիսամյակի ավարտից հետո Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրեցին հաշվետվությունները։

Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆ․ Գուրգեն Եղիազարյանի, ամբիոնի աշխատակիցների, փորձուսուցման պատասխանատու Անահիտ Սարոյանի եւ ուսանողների միջեւ ծավալված քննարկումն ու անկեղծ զրույցը դժվարությամբ էին տեղավորվում հաշվետվություն հասկացության դասական տիրույթում։ Դա գործընկերային քննարկում էր, որը վեր հանեց մի քանի կարեւոր ուղերձ։

Կադաստրի կոմիտեն հուսալի գործընկեր է, որտեղ մեր ուսանողներին ընդունում են պատրաստակոմորեն եւ նրանց համար ստեղծում առավելագույն գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ։ Գեոդեզիայի, քարտեզագրության, երկրատարածական տվյալների եւ այլ բաժիններում մերոնք ստացել են առավելագույնը, ինչ հնարավոր է։

Ուսանողների հաշվետվությունները, որքան էլ հակիրճ էին, այսուանդերձ խոսուն էին իրենց ընդգրկմամբ եւ, որ ավելի կարեւոր է՝ արտացոլում էին գիտակցված, «մարսված» եւ ապագա կարիերայի վերաբերյալ արդեն ուրվագծված որոշում ենթադրող աննախադեպ փորձառություն․ Կադաստրի կոմիտեից ուսանողները վերադարձել են ընտրած մասնագիտության հանդեպ ամրակայված հավատով ու վստահությամբ։ Սա վերաբերում է բառացիորեն բոլոր ուսանողներին, եւ սա փաստեցին նաեւ դասախոսներն ու հատկապես՝ փորձուսուցման պատասխանատուն։

«Հավասարը հավասարին» սկզբունքով ծավալված քննարկման ժամանակ արձանագրվեց նաեւ, որ Կադաստրի կոմիտեի՝ որպես աշխատանքային կիսամյակի անցկացման վայրի ամբողջ հմայքով հանդերձ, փորձուսուցումը չի կարող համապարփակ լինել։ Ուստի պետք է գործնական մասնագիտական այլ հմտությունների «հետքը բռնել» մասնավոր բիզնեսում։ Այս առումով, խոսվեց աշխատանքային կիսամյակները ավելի բազմաբնույթ եւ ընդգրկուն դարձնելու միտումով մասնավոր հատվածի հնարավորությունները օգտագործելու անհրաժեշտության մասին՝ այս հարցում համագործակցելով մարզպետարանների հետ։