Արթուր Ավետիսյանն է` «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության հեռակա համակարգով 5-րդ կուրսի ուսանող։ Սերը դեպի գինեգործություն դեռ մանկուց է գալիս․ երբ պապիկն իր ձեռքերով պատրաստում էր գինի՝ Արթուրը մտածում էր՝ երբ մեծանա, պիտի ունենա իր սեփական ու հայտնի գինու գործարանը։
Նախասիրությունները տարբեր են, եւ բազմակողմանի զարգացած է։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարայինի քոլեջ` գինեգործության բաժին։ Ավարտելուց հետո զորակոչվել է ծառայության։ Ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ 44-օրյա պատերազմը։ Ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը շարունակում է Ագրարային համալսարանում։ Սկսեց արարել իր գինիները` բալից ու խաղողից եւ կալվադոս՝ խնձորից։ Ուսման ընթացքում եղել է Չինաստանում` փորձի փոխանակման։ Վերջին շրջանում մասնակցել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթին։
ERASMUS+ LISS24 նախագծի շրջանակում ՀԱԱՀ-ում 2026 թ. ապրիլի 2-ին կայացած «B2B վաճառքներ» նախնական մրցույթում գրավել է մրցանակային 3-րդ տեղը։ Նա առաջարկում էր խաղողի չանչերից մեկանգամյա օգտագործման սպասքի արտադրություն հիմնել։ Բնապահպանական տեսակետից շատ կարեւոր քայլ, քանզի սպասքը հողի մեջ ամբողջությամբ տարրալուծվում է 60 օրվա ընթացքում։
Արթուրն օրերս ՀԱԱՀ ՈՒԳԸ գիտաժողովում հանդես եկավ մանգոյի եւ նռան հյութերի հավելմամբ Լագեր տեսակի գարեջրի արտադրության տեխնոլոգիայի մշակման զեկույցով։
Ամենակարեւորը՝ Արթուրն օժտված է մարդկային լավագույն հատկանիշներով:
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳՏ-5 կուրսի ուսանողուհի




