ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորն անցկացրեց գյուղստարտափների 4-րդ մրցույթը

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլի «դեմո» օրը՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի շրջանակում: Միջոցառմանը մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, EU-GAIA-ի ղեկավար Պասկալ Բոկերսը, ՀԱԱՀ Ագրոտեխ ինկուբատորի ղեկավար Հովհաննես Երիցյանը, ոլորտի մասնագետներ:

Միջոցառման ընթացքում նախնական ընտրություն անցած 15 թիմերը իրենց գաղափարները ներկայացրեցին մասնագիտական խմբին եւ որպես արդյունք՝ 8 թիմ անցավ ինկուբացիոն փուլ, որը կտեւի 4 ամիս։ Մրցույթին ներկայացված գործարար գաղափարները հետաքրքիր էին եւ հիմնականում՝ գյուղատնտեսության ոլորտի հրատապ խնդիրներին արձագանքող: Ուրախալի է, որ հետաքրքիր թիմեր կային ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից:

Ինկուբացիայի ավարտին թիմերը հնարավորություն կունենան պայքարելու 37500 եվրո մրցանակային ֆոնդի համար (առավելագույն մրցանակը մեկ թիմի հաշվարկով՝ 12500 եվրո)։

Հովհաննես Երիցյանի, Վարդան Ուռուտյանի եւ Պասկալ Բոկերսի բացման հակիրճ խոսքերին հաջորդեց մասնակիցների ստարտափ գաղափարների ներկայացումը։ Մասնակիցները ազատ էին ներկայացնել գաղափարն իրենց ցանկալի ձեւաչափով չորս րոպեի ընթացքում եւ եւս չորս րոպե ունեին իրենց գաղափարի վերաբերյալ առաջացած հարցերին պատասխանելու համար։ Օրվա ավարտին բոլոր թիմերը ստացան մասնակցության հավաստագրեր։

Ընտրված 15 թիմերից ինկուբացիոն փուլ են անցել  հետեւյալ 8 ագրոտեխնոլոգիական ստարտափ թիմերը՝

  1. Fungimate ընկերությունը, որը զբաղվում է տարատեսակ սնկերի փաթեթավորմամբ եւ վաճառքով ֆերմերներին,
  2. Honey Many ընկերությունը, որը մեղվաբույծներին վարձակալման է հանձնում մեղվաընտանիքներ եւ օժանդակում մեղրի ստացման տեխնոլոգիայում եւ գործընթացում,
  3. Aerolab Gyumri,
  4. NuFarmtech,
  5. GeoGeeks ընկերությունը, որը տրամադրում է GIS խորհրդատվական ծառայություններ տնտեսության ցանկացած բնագավառում,
  6. Green_Graund,
  7. Parsl.ai,
  8. Traps analytics

Հաջողություն ենք մաղթում առաջադեմ գաղափարներ ներկայացրած բոլոր թիմերին։ Համալսարանն իր գործընկերների աջակցությամբ կշարունակի հանձնառու մնալ դրանցից լավագույնները գյուղմթերք արտադրողի ու սպառողի սեփականությունը դարձնելու գործում։