Գեղամ Գեւորգյանն ընտրվել է ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այսօր՝ հունվարի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հոգաբարձուների խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որի օրակարգում խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրության հարցն էր: Մինչ նախագահի ընտրությունը նիստը վարեց Խորհրդի տարեց անդամ, պրոֆեսոր Վիկտոր Աբրահամյանը:

Թե Հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ թե քարտուղարի պաշտոնների համար առաջադրվեցին մեկական թեկնածուներ, համապատասխանաբար՝ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանը եւ ՀԱԱՀ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Նունե Սիմոնյանը:

Խորհրդի՝ նիստին մասնակցող անդամների միաձայն կողմ քվեարկությամբ պարոն Գեւորգյանն ընտրվեց խորհրդի նախագահ, տիկին Սիմոնյանն էլ՝ քարտուղար:

Շարունակելով նիստը, Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Գեղամ Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ նշեց, որ խորհուրդն իր պատասխանատու առաքելությունը հանձնառում է համալսարանի բնականոն գործունեությունն ապահովելու, համալսարանական կյանքի որակը բարելավելու նպատակով:

Այսօրվա նիստի օրակարգը սպառվեց Խորհրդի հաջորդ նիստի օրվա եւ օրակարգի վերաբերալ որոշման ընդունմամբ: