Ագրարայինից մի գույն էլ պակասեց. Վախճանվել է Ֆիոդր Ադամյանը

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկանատը խոր ցավով տեղեկացնում է, որ վախճանվել է ֆակուլտետի սիրված ու վաստակաշատ դասախոս, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ֆիոդր Բագրատի Ադամյանը։ Այս լուրը ցավով ընդունվեց ոչ միայն ֆակուլտետի իր գործընկերների, պարոն Ադամյանի նախկին ուսանողների, այլեւ համալսարանի ամբողջ հանրության կողմից:

Տասնամյակների իր գիտամանկավարժական գործունեության ընթացքում պարոն Ադամյանը հեղինակել է 75 գիտամեթոդական աշխատանքներ, դասագիրք, 4 ուսումնական ձեռնարկ:

Թերապիայի, ախտորոշաբանության եւ դեղաբանության ամբիոնի, այնուհետեւ՝ Թերապիայի, վիրաբուժության եւ ծննդագիտության ամբիոնի դոցենտ, իսկ 2019 թ.-ից՝ Անասնաբուժության եւ անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆիոդր Ադամյանը մեր լավագույն դասախոսներից էր, վառ անհատականություն, առինքնող նկարագրի տեր մարդ՝ յուրահատուկ անկեղծությամբ, բարությամբ, հումորով ու դրական էներգիայով, որ մշտապես փոխանցում էր դիմացինին: Ուսուցանելիս պարոն Ադամյանն առաջնորդվում էր «Դժվար է վարժանքի ժամանակ, հեշտ՝ պատերազմի ժամանակ» սկզբունքով. այսօր նրա ուսանողները թեթեւ սրտով, ժպիտով ու երախտագիտությամբ են հիշում ընկեր Ադամյանի խստապահանջությունը եւ մեծ ցավով են արձագանքում նրա կորստին:

Սիրված դասախոսին ու գործընկերոջը երբեւէ ճանաչած բոլոր ագրարայինցիները ցավակցում են Ֆիոդր Ադամյանի ընտանիքին, մերձավորներին ու ընկերներին։

Ֆիոդր Ադամյանի կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ: