Մեր կայացած, զորեղ փաղանգը: Առանց աշխատանքի մնացած մարդիկ չկան մեր կուրսում. Արմեն Սարգսյան

Ի տարբերություն շատ հարցազրույցի «ենթարկվողների», որոնք գալիս ու հնազանդ կերպարանքով սպասում են, որ իրենց «քննեն», Արմեն Սարգսյանին հարցեր տալու կարիք չկա: Նա միանգամից եւ սիրով կարողանում է հաղորդակցվել բոլորի հետ:

Ինչպես շատերը, Արմենն էլ մանկության տարիներին երազում էր բժիշկ դառնալ: Սակայն ընդունվեց ՀԱԱՀ վարժարան եւ ամեն ինչ փոխվեց: Անգլերենի ուսուցչուհի «միսս» Անահիտի խորհրդով ընտրեց Ագրոբիզնեսի ֆակուլտետի Խորհրդատվություն եւ տեղեկատվություն մասնագիտությունը: «Շնորհակալ եմ Աստծուն եւ միսս Անահիտին: Իսկ երբ 3-րդ կուրսից մեզ սկսեց դասավանդել Հարություն Գեւորգյանը՝ սիրահարվեցի իմ մասնագիտությանը: Նա նոր էր վերադարձել արտասահմանից, որտեղ վերապատրաստվել էր: Վերադարձել էր նոր, թարմ շնչով, նոր մեթոդներով զինված»:

Արմենը երկրորդ կուրսից դարձավ ՈՒԳԸ անդամ, հաջորդ տարի արդեն ֆակուլտետի հիշյալ կառույցի նախագահն էր, համալսարանի՝ փոխնախագահը: Մագիստրատուրայում ուսումը համատեղեց աշխատանքի հետ. «Աշխատում էի ՀԱԵ Տավուշի թեմում, որպես գործերի կառավարիչ: Եզնիկ Սրբազանը 2012-ին ինձ երաշխավորեց սարկավագական քննություններ հանձնելու եւ ձեռնադրվելու: Մի քանի տարի ընտանիքով ապրեցինք Ղրիմում եւ ծառայության անցա Սուրխաթի Սուրբ Խաչ եկեղեցում»: Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր զավակ դարձավ արցախցի տատի շնորհիվ: 12 տարեկան էր, երբ Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանն եկավ ու Փարաքարի պատանիներին համախմբեց Սուրբ Հարություն եկեղեցու շուրջ, եւ ամեն ինչ շատ ավելի խոր ու իմաստալից դարձավ:

Հայրենիք վերադառնալուց հետո Արմենն աշխատանքի անցավ «Մուսալեռ» տպագրատանը, որպես պատվերների պատասխանատու: Թեեւ պոլիգրաֆիայից մղոններով հեռու էր, սակայն, տնօրենի՝ պարոն Հարությունյանի աջակցությամբ շատ շուտ կարողացավ հմտանալ ոլորտի նրբերանգների հարցում: Ասում է. «Բուհը տվել էր ամենակարեւորը՝ գործիքակազմը, կարիքների բացահայտման ուղիների ճիշտ ընտրությունը: Ընդհանրապես, ուսանողական տարիներս երանելի էին. անհավատալի, աննախադեպ էր մեր ֆակուլտետում ուսուցման գործընթացը, սովորողների համակազմը: Ընկեր Ջավադյանը մեր անփոխարինելի դեկանն էր եւ ավագ ընկերը, նրանից շատ բան եմ սովորել, ամենակարեւորը՝ ճիշտ, դի-վա-նա-գի-տո-րեն շփվել մարդկանց հետ»:

-Ի՞նչ խորհուրդ կտաս դիմորդներին՝ մասնագիտության որոնման դժվարին փուլը խելամիտ հաղթահարելու համար:

-Դիմորդը պետք է նախ հասկանա, թե իրականում ինչ է պետք իրեն, չտրվի գայթակղությունների, հասկանա՝ մասնագիտությունը ինչ պահանջարկ ունի աշխատաշուկայում: Ցավում եմ, որ խորհրդատվություն մասնագիտությունը չկա ալեւս: Լայն սպեկտրի մասնագետներ էին պատրաստում: Մեր կուրսում չկան մարդիկ, որ անգործ մնացած լինեն: