2026 թ․ փետրվար-ապրիլ ամիսներին Էրազմուս+ ծրագրի շրջանակում հնարավորություն ստացանք արտադրական փորձուսուցումն անցկացնել Ռումինայի Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում։ Սա մեծ հնարավորություն էր մեզ համար հարստացնելու մեր գիտելիքներն ու փորձը եւ հաղթահարելու նոր փորձություններ։ Արտերկրում ուսանելը ոչ միայն բարելավում է մասնագիտական գիտելիքները, այլ նաեւ սովորեցնում կողմորոշվել տարբեր իրավիճակներում, ճանաչել ինքդ քեզ եւ շրջապատող մարդկանց։
Շարժունության ընթացքում աշխատել ենք բավականին պրոֆեսիոնալ թիմի հետ՝ ջերմ եւ ընկերական մթնոլորտում։ Փորձուսուցումն անցկացրել ենք Կլուժ-Նապոկայի ԳԳԱԲ համալսարանի հիվանդանոցում։ Համալսարանում գործում են ինֆեկցիոն եւ ինվազիոն հիվանդությունների, ներքին ոչ վարակիչ հիվանդությունների, տարաշխարհիկ կենդանիների եւ ձիերի առանձին բաժանմունքներ, ինչպես նաեւ շտապ օգնության ծառայություն։ Բացի գործնական դասընթացներից, ուսանողները նաեւ հերթապահում են հիվանդանոցում եւ աշխատում իրենց ավարտական աշխատանքների վրա։
Փորձուսուցման ընթացքում մասնակցել ենք բաժանմունքներում իրականացվող աշխատանքներին․ ինքնուրույն զննել ենք կենդանիներին, տիրոջից հավաքագրել անամնեզի տվյալները, արյուն նմուշառել։ Այդ ամենից հետո բժիշկը կատարում էր ուլտրաձայնային հետազոտություն եւ մեզ բացատրում կենդանու խնդիրները։ Ստացված տվյալները քննարկելուց հետո մենք փորձում էինք ինքնուրույն ախտորոշել հիվանդությունը։
Հիմնականում աշխատել ենք ձիերի եւ շտապ օգնության բաժանմունքներում՝ ներկա ենք եղել վիրահատությունների, թերապեւտիկ միջամտությունների եւ այլ աշխատանքներին։ Սովորել ենք՝ ինչպես պետք է ճիշտ հետազոտել կենդանիներին, որոնք են նրանց հիմնական խնդիրները եւ ինչպես ճիշտ բուժել այս կամ այն հիվանդությունը։
Էրազմուսյան այս այցը մեծ փորձ եւ արժեքավոր հնարավորություն էր մեզ համար ոչ միայն մասնագիտական նոր հմտություններ ձեռք բերելու, այլեւ տեղացիների հետ շփվելու եւ նրանց մշակույթին ծանոթանալու տեսանկյունից:
Ազատ ժամանակ այցելել ենք նաեւ Իտալիա եւ Բելգիա, ինչպես նաեւ Ռումինիայի մի շարք քաղաքներ։
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին, ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին եւ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անսանբուժակա բժշկագիտության համալսարանին՝ այս բացառիկ հնարավորության համար։
Երվանդ ԱՐՍԵՆՅԱՆ
Անդրանիկ ՌՍՅԱՆ
Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտներ










