Դեկտեմբերի 25-ին կայացավ Ագրոնոմիական ֆակուլտետի գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարում էր ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը:
Ներկաները նախ լսեցին ֆակուլտետի ասպիրանտների եւ հայցորդների տարեկան հաշվետվությունները, ծանոթացան նրանց կատարած աշխատանքներին:
«Կենսաքիմիա» մասնագիտության հայցորդ Հասմիկ Գրիգորյանը հետաքրքրիր ուսումնասիրություններ էր իրականացրել՝ փորձելով պարզել մակարդների ազդեցությունը խոզամսի կենսաքիմիական ցուցանիշների եւ աղադրման գործընթացի վրա:
Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մոնիկա Խաչատրյանն էլ իր ատենախոսությունում նպատակ է դրել վերլուծելու ձկնաբուծական տնտեսությունների գործունեության բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական ազդեցությունը Արարատյան հարթավայրի որոշ բնակավայրերի կայուն զարգացման վրա: 2024 թ․ հունիսին Մոնիկան այցելել է Ավստրիայի որոշ ձկնաբուծական ֆերմերային տնտեսություններ, ծանոթացել դրանց գործունեությանը եւ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցմանն ուղղած մեթոդների:
«Բույսերի պաշտպանություն» մասնագիտությամբ հայցորդ Սյուզաննա Սարգսյանն էլ քննության էր առել «Տանձենու հիվանդությունները եւ դրանց վերահսկումը նորագույն տեխնոլոգիաներով ՀՀ Արագածոտնի մարզի պայմաններում» թեման: Կարեւոր է, որ ասպիրանտ-հայցորդները հաշվետու տարվա ընթացքում գիտական հոդվածներ են պատրաստել եւ ներկայացրել տպագրության ինչպես ՀԱԱՀ գիտական պարբերականում, այնպես էլ միջազգային հեղինակավոր ամսագրերում:
Գիտխորհդի անդամները քննարկեցին ներկայացված հաշվետությունները, հանդես եկան ուղղորդող հարցադրումներով եւ խորհուրդներով, նախանշեցին հետբուհական կրթություն ստացող գործընկերների հետագա աշխատանքի ուղղությունները:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր առաջին կիսամյակի միջանկյալ քննությունների արդյունքներին եւ վերահանձնման ընթացքին, որը ներկայացրեցին ֆակուլտետի ամբիոնների վարիչները: Փոխդեկան Սասուն Մամաջանյանն էլ զեկուցեց ֆակուլտետի մագիստրանտների ատեստավորման արդյունքների մասին: Քննարկվեցին այլ ընթացիկ հարցեր եւս: