Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը հոկտեմբերի 7-ին կազմակերպել էր մասնագիտական կողմնորոշման նպատակ հետապնդող հերթական այցը․ այս անգամ հյուրնըկալեցինք Արարատի պետական քոլեջի 2-րդ եւ 3-րդ կուրսի ուսանողներին։ Բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը արարատցի պատանիներին ու աղջիկներին նախ ընդունեց Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում եւ հակիրճ շնորհանդեսով ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը, ուսումնառության եւ դասավանդման նոր միջավայրը, շուկայում մեծ պահանջարկ վայելող ագրոմասնագիտությունները եւ միջազգային կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորությունները։
Քոլեջականներն այնուհետեւ այցելեցին քիմիայի լաբորատորիա, որտեղ նրանց ընդունեց ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, քիմ․ գիտ․ դոկտոր Լուսինե Հարությունյանը, որի հակիրճ, բայց քիմիայի զարմանահրաշ աշխարհը բացահայտող խոսքը ուշադրությամբ ունկնդրեցին քոլեջականները։ Բացահայտումները շարունակեցին ամբիոնի դասախոսները, որոնք մի քանի հետաքրքրական փորձեր էին նախատեսել եւ նույնիսկ մրցանակ սահմանել ամենաակտիվների համար։
Արարատի պետական քոլեջի սաները եղան նաեւ Գարեջրագործության եւ թորման լաբորատորիայում, գինեդարանում, «կապույտ» (Արդշինբանկի) ընթերցարանում: Գինեդարանում արարատցիներին ողջունեց Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Նունե Սիմոնյանը։ Գինեդարանը, ինչպես նաեւ գինու պատմական աշխարհում, այդ թվում Հայաստանում առկա զարգացումները ներկայացրեց ասպիրանտ Ամալյա Իսկանդարյանը, որը ուսումը բուհում շարունակելու շեմին կանգնած երիտասարդներին նաեւ հաղորդակից դարձրեց մասնագիտություն ընտրելու, արտերկրում ուսանելու, որպես երիտասարդ մասնագետի՝ իր կայացման պատմությանը։