Ապրիլի 1-ին տեղի է ունեցել առցանց խորհրդակցություն ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի, ֆակուլտետների դեկանների, մասնաճյուղերի տնօրենների, հեռակա դեպարտամենտի պետի, Ա․ Քոչինյանի անվան քոլեջի տնօրենի, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետի եւ ՏՏ կենտրոնի տնօրենի մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հեռավար ուսուցմանն առնչվող ընթացիկ խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել Moodle հարթակում նյութերի զետեղմանը, համակարգում որոշակի բովանդակային եւ տեխնիկական շտկումներ անելու անհրաժեշտությանը։
Արձանագրվել է փաստը, որ ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակի թելադրանքով իրականացվող հեռավար ուսուցման գործընթացը բնականոն հունով է ընթանում։ Մեկնարկային տեխնիկական դժվարություններ ունեցող դասախոսներն այժմ «հիմնովին» գործընթացի մեջ են։ Ամբողջ համալսարանում մեկ-երկու դասախոս է մնացել, որ դեռ չի տիրապետում առցանց ուսուցման գործիքակազմին, եւ նրանց առայժմ փոխարինում են գործընկերները։
Ստորաբաժանումների ղեկավարներից յուրաքանչյուրը ներկայացրել է հեռավար աշխատանքում առաջացող ընթացիկ խնդիրները։ Ընդհանուր առմամբ, մասնաճյուղերում նույնպես ուսումնական գործընթացը բնականոն հուն է մտել, Սիսիանի եւ Շիրակի քոլեջներում հեռավար դասագործընթացն իրականացվում է Viber եւ zoom.us հարթակների միջոցով։
Երկրորդ կիսամյակում ստուգարքների անցկացումը թեստային համակարգով շարունակելու նպատակով ռեկտորը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ՏՏ կենտրոն ներկայացնել 2-րդ կիսամյակի նյութերը։
Հանձնարարական է եղել շարունակել աշխատանքները դիպլոմային նախագծերի ղեկավարների հետ՝ դրանց պաշտպանության ժամկետները չհետաձգելու նկատառումով։ Ինչ վերաբերում է դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանության միջանկյալ ժամկետներին, արձանագրվել է, որ դրանք կախված կլինեն արտակարգ դրության հետ կապված ընդհանուր իրավիճակի հետագա զարգացումներից։
- 03/04/2020
- 2020