Բուհ-դպրոց անքակտելի կապ․ տպավորությունների մասին պատմում է աշակերտուհին

Դասարանով երեկ` մարտի 27-ին, այցելեցինք Ագրարային համալսարան` մասնակցելու մասնագիտական կողմնորոշման ծրագրին։ Սկզբում ծանոթացանք համալսարանի կրթական ծրագրերին, այցելեցինք քիմիայի լաբորատորիա, որտեղ մի քանի փորձեր ներկայացրին, այնուհետեւ մասնակցեցինք շոկոլադի վարպետաց դասին, համտեսեցինք մեր ձեռքով պատրաստած անուշ սալիկները։ Տեղեկացանք նաեւ դրոնների եւ ճարտարագիտական սարքերի հնարավորությունների ու կիրառման ձեւերի մասին։ Իսկ արդեն վերջում այցելեցինք ջերմատուն։

Շատ հետաքրքիր ու հագեցած ծրագիր էր, եւ ինձ ամեն ինչ շատ դուր եկավ։ Բայց ամենաշատը տպավորված էի քիմիայի լաբորատորիայում արված փորձերից։ Կարծում եմ` նման այցելությունները շատ կարեւոր են մասնագիտության ընտրության եւ կարիերայի հաջող շարունակության համար։ Ու շատ լավ կլիներ, որ բոլոր դպրոցականները հնարավորություն ունենային ծանոթանալու տարբեր մասնագիտությունների, դրանց արդիականությանն ու կիրառելիությանը, քանի որ մասնագիտական ճիշտ կողմնորոշումը կարեւոր է ոչ միայն անհատի, այլեւ հասարակության զարգացման համար։

Նշենք, որ Հայ-չինական դպրոցի սաները համալսարան էին այցելել «Մեկ օր Ագրարայինում» նախագծի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագրի շրջանակում:

Սոնա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հայ-չինական բարեկամության դպրոցի սան