Ուսանողներն անցած կիրակի այցելել են Իջեւանի գինու-կոնյակի գործարան եւ ոչ միայն․․․

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի «Ագրոբիզնես», «Ֆինանսներ», «Ապրանքագիտություն» եւ «Ապահովագրական գործ» մասնագիտությունների 3–րդ կուրսի ուսանողները Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանի նախաձեռնությամբ ուսուցողական–ճանաչողական էքսկուրսիայի շրջանակում այցելել են Իջեւանի գինու-կոնյակի գործարան։

70–ամյա գործարանում մեր ուսանողներին դիմավորել է մեր իսկ շրջանավարտը՝ Նարեկը, որն ուղեկցել է նրանց խաղողի մթերման, սկզբնական վերամշակման, գինենյութի հնեցման եւ կուպաժավորման, շշալցման արտադրամասեր ու պահեստներ՝ պատմելով ամենահետաքրքիրն ու օգտակարը գինեգործության, կոնյակագործության ու գործարանի մասին։

Ուսանողների ուշադրությունից դուրս չեն մնացել նաեւ նորագույն տեխնոլոգիաների եւ սարքավորումների ներդրման շնորհիվ ընդլայնված արտադրության մյուս արդյունքները՝ բարձրորակ կոնյակները, պտղահատապտղային գինիները, մրգային օղիները, պահածոներն ու չրերի տեսականին։

Ագրարայինի շրջանավարտն ուսանողների եւ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոսներ Ա․Տոնիկյանի ու Կ․Ավետիսյանի հետ կիսվել է ագրոբիզնեսի հեռանկարային ծրագրերով, մասնավորապես՝ ցույց է տվել այն տեղանքը, որտեղ նախատեսվում է ներդրումներ կատարել ագրոտուրիզմը զարգացնելու համար, իսկ վերջում ուղեկցել է նրանց գործարանի տարածքում գործող ֆիրմային խանութ, որտեղ վաճառասրահին հատուկ պատշաճությամբ ներկայացված է Իջեւանի գինու-կոնյակի գործարանի ողջ ապրանքատեսականին։

Ուսումնական էքսկուրսիան շարունակվել է մշակութային բացահայտումներով․ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ ուսանողները հասել են Մակարավանքի միջնադարյան վանական համալիր, որտեղի հոգեւոր հովիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը կազմակերպել է շրջայց՝ պատմելով համալիրի կառուցման պատմության, ավանդության եւ խորհրդավոր զարդաքանդակների մասին։ Իսկ վերջում հոգեւորականը երիտասարդներին հորդորել է կուտակել գիտելիքների պաշար եւ չկորցնել բարոյական կերպարը՝ մարդկանց ծառայելու համար։

Ուսանողներն, ինչպես միշտ, տպավորված էին պարոն Տոնիկյանի հերթական նախաձեռնությունից, որ, գործնական մասնագիտական փորձից ու գործընկերային ծանոթություններից բացի, նրանց համար հայրենի երկիրն ու մշակույթը ճանաչելու հիանալի հնարավորություն տվեց: Ինքը՝ պարոն Տոնիկյանը, բարձր է գնահատում ՀԱԱՀ Ուսխորհրդի պատրաստակամ աջակցությունը, ասելով, որ առանց այդ աջակցության «կիրակին այդքան տավուշյան չէր լինի»: