ՀԱԱՀ ռեկտորը մասնակցել է Սեւծովյան համալսարանների ցանցի ռեկտորների խորհրդաժողովին

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հոկտեմբերի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել է Սեւծովյան համալսարանների ցանցի (BSUN) ռեկտորների՝ «Համալսարանների դերը բարդ մարտահրավերների լուծման գործում» վերտառությամբ խորհրդաժողովին, որը կազմակերպվել էր Ցանցի 2021թ. կոնգրեսի շրջանակում:

Խորհրդաժողովը բացել է ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը, որը նաեւ ընթերցել է ԵՄ նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության եւ երիտասարդության գծով հանձնակատար Մարիա Գաբրիելի հատուկ ուղերձը: Եղել են ողջույնի նաեւ այլ ուղերձներ եվրոպական ակադեմիական շրջանակներից:

Պարոն Ուռուտյանը հրատապ թեմայի առկա եւ առցանց քննարկման եւ համակողմանի լուծումներ առաջադրելու լավ առիթ ունեցավ Սեւծովյան տարածաշրջանի երկրների մի շարք համալսարանների ռեկտորների, ինչպես նաեւ Գիտությունների ակադեմիաների եվրոպական դաշնության նախագահ Անտոնիո Լոպրիենոյի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի եւ հանրահայտ այլ միջազգային փորձագետների հետ:

Զեկուցումների եւ քննարկման առարկա են դարձել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ համալսարանների փոխակերպման դերը հասարակության մեջ, մասնավոր հատված – պետություն – համալսարաններ գործընկերությունը, բարդ մարտահրավերները եւ համալսարանների դերը դրանց լուծման գործում: Ի դեպ, գլխավոր թեմային էր նվիրված նաեւ պրոֆ. Աճեմօղլուի առանցքային զեկուցումը:

Ռեկտորների խորհրդաժողովի թեման, Սեւծովյան տարածաշրջանի համալսարանների շահագրգիռ մասնակցությունը եւ պանելային քննարկումներում արծարծված հարցերն ու նախանշված լուծումները եւս մեկ անգամ ապացուցեցին այն ճշմարտությունը, որ ամեն ինչ, այդ թվում եղած բազմաթիվ մարտահրավերների լուծումներ, տեղի է ունենում նախ եւ առաջ կրթության մեջ: Խորհրդաժողովն արդյունավետ էր՝ միմյանց տեսակետներին ծանոթանալու, համատեղ լուծումներ գտնելու առումով:

Խորհրդաժողովը նաեւ ցույց տվեց Ագրարային համալսարանի առկա եւ պոտենցիալ տեղն ու դերը համալսարանների եվրոպական ընտանիքում, որին մենք հասել ենք-հասնում ենք ինտենսիվ, մասշտաբային, շարունակական եւ արդյունավետ բարեփոխումների շնորհիվ: