Էկոնոմիկայի նախարարության եւ CARD-ի կարեւոր աջակցությամբ. Կլոդ Բուրժելայից մինչեւ մեր օրեր

Ագրարային համալսարանի Շիրակի Միքայել Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի դասախոս Վահագ Եղիազարյանը (մեր բուհի հրաշալի շրջանավարտներից, իր մասնագիտության նվիրյալներից մեկը) կենդանիների եւ թռչունների համարակալումը թեման կարող էր իր սաներին շատ լավ ներկայացնել տեղում: Բայց միտք հղացավ՝ այդ գործի կարեւորությունը ավելի շեշտելու նպատակով՝ թեման դիտարկել տարիների փորձառությամբ մասնագետների ներգրավմամբ: Չէ որ այս պատասխանատու աշխատանքի մեջ շուտով Շիրակում կարող են եւ պետք է ներգրավվեն քոլեջի սաները:

Վահագի գաղափարը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն ու CARD-ը սիրով որոշեցին աջակցել եւ իրականություն դարձնել: Հենց նրանք հոգացին տրանսպորտի, կեցության (երկու օր տեւեց), սննդի ծախսերը: Ավելին, նաեւ մշակութային ծրագիր ներառվեց: Սա մեր երիտասարդների համար հաստատապես անմոռանալի դաս-ուղեւորության կլինի:

Երեկ՝ ապրիլի 17-ին, ագրիթեք սրահում պատանիներին ողջունեց պարոն Հովհաննիսյանը, նա ասաց, որ համարակալման-հաշվառման առումով երկրում հսկայածավալ աշխատանք է կատարվել, բայց դա շարունական բնույթ ունի: Անելիքներ կան եւ երիտասարդները պետք է մասնակից լինեն այդ գործին:

Իսկ դասախոսությունը վարեց Մորֆոլոգիայի եւ կենդանագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Տիգրան Չիթչյանը՝ իրեն բնորոշ վառ ներկապնակով, անմիջական ոճով, անկաշկանդ շփման նախաձեռնությամբ, եռանդով: Նա հասցրեց ե΄ւ համարակալման պատմությունը ներկայացնել, ե΄ւ մանրամասն-հանգամանորեն խոսել ժամանակակից մեթոդների մասին: Պարոն Չիթչյանին լսելիս միշտ խորապես ափսոսում ես, որ անասնաբույծ չես:

Այսօր գյումրեցիները Արեշի մասնաճյուղում վիրահատության մասնակից կլինեն, կաղապարվածքների օգնությամբ կեղծակերպման փորձեր կիրականացնեն: