Գործակցային հուշագիր ՀԱԱՀ-ի եւ Արատոս Գրուպի միջեւ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում գործակցային հուշագիր ստորագրեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ հունական Արատոս Գրուպ ընկերության նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսը: Հուշագրի ստորագրմանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը եւ Արատոս Գրուպի նախագահի խորհրդական Կոստաս Պլատիկոստասը:

Հուշագրով նախատեսվող համագործակցության երկու հիմնական ուղղություններն են ՀԱԱՀ-ում ճշգրիտ գյուղատնտեսության մեկամյա մագիստրոսական ծրագրի ներդրումը եւ համատեղ հետազոտական նախագծերի հայտերի մշակումն ու ներկայացումը ԵՄ-ից համաֆինանսավորվող հետազոտական ծրագրերին:

Արատոս Գրուպի նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսը, կարեւոր համարելով Ագրարային համալսարանի հետ գործակցության այս հնարավորությունը, նշեց, որ այն, ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրից բացի, նաեւ նպաստելու է համալսարանի կարողականության ընդհանուր զարգացմանը: Դոկտ. Բոգոնիկոլոսը շեշտադրեց Հունաստանի հայկական սփյուռքի դերը Հայաստանի հետ համագործակցության, Ագրարային համալսարանը եւ առհասարակ Հայաստանը եվրոպական կրթագիտական միջավայրում ինտեգրելու գործում:

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով հույն գործընկերներին  համագործակցության համար, ասաց, որ Ագրարային համալսարանի հերթական նախաձեռնությունը կարեւոր է համարում կառավարության նորօրյա կրթական քաղաքականության բովանդակային իրականացման տեսակետից:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց Արատոս Գրուպի գործընկերներին: Ընկերության մասնագիտական ներուժն ու միջազգային պատկառելի փորձը մեծապես օգտակար կլինեն ՀԱԱՀ-ի համար, որը ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դառնալու ճանապարհին է: «Վստահ եմ, որ Արատոս Գրուպի հետ մեր գործակցությունը մեզ ավելի մրցունակ կդարձնի ազգային եւ եվրոպական կրթական միջավայրում»,- ասաց պարոն Ուռուտյանը:

Հունաստանցի գործընկերներն այնուհետեւ այցելեցին համալսարան, հանդիպում ունեցան Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի հետ, ծանոթացան Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնի, Ագրետեխնոլոգիաների ինկուբատորի, նորարարական ուսումնական ջերմատան աշխատանքներին: