Ավարտական աշխատանքների որակական տեղաշարժն ակնհայտ է, համակարգը՝ կայանալու փուլում․ ռեկտորատի հունիսյան նիստը

Ռեկտորատի այսօրվա՝ հունիսի 29-ի նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց նախորդ նիստերի որոշումների կատարման ընթացքի մասին ռեկտորատի քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցմամբ։
Առկա եւ հեռակա ուսուցման ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների եւ խնդիրների վերաբերյալ հիմնական հարցի շուրջ ծավալված շահագրգիռ քննարկման առանցքային թեմաներն էին՝ աշխատանքների արդիականությունը, գրախոսությունների որակը եւ «հին ու բարի» գրագողությունը։ Ռեկտորի դիրքորոշումը հստակ էր․ այլ բան, քան ձեւական թեմաների, ձեւական, ոչ պրոֆեսիանալ գրախոսությունների եւ գրագողության բացառումը, չի կարող դրվել մեր գործելակերպի հիմքում։ Այս առումով, պարոն Ուռուտյանը հանձնարարեց հարցը քննության առարկա դարձնել ֆակուլտետներին կից ստեղծված արդյունաբերական խորհուրդներում եւ այս հարթակն օգտագործել թե թեմաների արդիականությունն ապահովելու եւ թե գրախոսությունների որակը բարձրացնելու համար։
Դեկանների արձագանքից ակնհայտ դարձավ, որ վերոնշյալ կարեւոր հարցերում առնվազն առաջընթաց ունենք (դեկանները նույնիսկ խոսեցին «լուրջ առաջընթացի», «որակական տեղաշարժի» մասին)։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը առաջընթացը ոչ բավարար համարեց, նշելով, որ նաեւ ուսանողն ինքը պիտի հասկանա սեփական պատասխանատվությունը՝ իրական տնտեսության մեջ՝ կոնկրետ համայնքի համար աշխատելու, հետազոտություններ կատարելու հարցում։ Ավարտական աշխատանքների թերացող ղեկավարների եւ թերացող գրախոսողների առումով էլ պրոռեկտոր Զաքոյանն ասելիք ուներ՝ հրաժարվել նրանցից։ Ոչ հրատապ թեմաներ պաշտպանող՝ թեկուզեւ «շատ լավ» ուսանողների անհարկի բարձր գնահատականներից նույնպես պետք է մեկընդմիշտ հրաժարվել։ Իսկ «միջնորդների ինստիտուտը», ընդհանուր առմամբ, մեր համալսարանում հաջողվել է հաղթահարել․ պրոռեկտոր Զաքոյանը սա եւս արձանագրեց։
Ամփոփելով քննարկումը, գրախոսությունների որակն ու թեմաների արդիականությունը բարելավելու առումով ռեկտոր Ուռուտյանն առաջարկեց կատարել գրագողության ստուգում, թեմաների ընտրության հարցում ներգրավել արտադրության ոլորտի, այդ թվում ուսանողների աշխատանքային կիսամյակների անցկացման վայրերի գործընկերներին, վերականգնել մարզպետարաններում եւ համայնքներում հանդիպումների գործելակերպը՝ գյուղոլորտի առավել հրատապ խնդիրներին տեղերում ծանոթանալու եւ խորհրդատվություն ապահովելու համար։ Կարեւոր է նաեւ հենց ՀԱԱՀ-ի համակարգի գիտական կենտրոնների հնարավորությունների օգտագործման՝ սկսված գործընթացի ակտիվացումը․ գործակցություն (ֆակուլտետ-ամբիոն-գիտական կենտրոն), որի մասին, ինչպես նշեց Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, դեռեւս չենք կարող խոսել որպես կայացած համակարգի։
ՀԱԱՀ գիտական ստորաբաժանումների, նորարարական լաբորատորիաների եւ ուսումնափորձնական տնտեսությունների բազմաթիվ հնարավորությունները ակտիվորեն պետք է օգտագործել ավարտական աշխատանքներ գրելիս, մանավանդ՝ մշակության, վերամշակման, հետազոտությունների եւ լաբորատոր եզակի այն կարողությունների պայմաններում, որոնք մեր երկրում ունի միայն Ագրարային համալսարանը՝ հարցն ամփոփեց ռեկտոր Ուռուտյանը։
Ռեկտորատի նիստը քննարկեց եւ համապատասխան որոշումներ կայացրեց նաեւ 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի քննությունների ընթացքի եւ խնդիրների, 2023-2024 ուստարվա ուսումնական ծանրաբեռնվածության հաշվարկների ելակետային տվյալների, ինչպես նաեւ մի քանի ընթացիկ հարցերի վերաբերյալ։