Տպավորիչ հանդիպում վարժարանի սաների համար․ հյուրընկալողը պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանն է

ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաների հերթական խմբին հերթական անգամ սիրով ընդունեցին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը եւ դեկանի տեղակալ Լիանա Խաչատրյանը։ Պրոֆեսոր Ղազարյանը հակիրճ ներկայացրեց ոչ միայն իր ղեկավարած ֆակուլտետի, այլեւ ընդհանրապես համալսարանի կողմից առաջարկվող մասնագիտությունները՝ արժեւորելով ագրարային մասնագիտությունների կարեւորագույն դերը երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու տեսակետից։

Ինչ վերաբերում է ֆակուլտետի բուն առաքելությանը, պրոֆեսոր Ղազարյանը մասնագիտություն ընտրելու շեմին կանգնած պատանիներին ու աղջիկներին նկատել տվեց ագրարային տնտեսագիտության յուրահատկությունը, թվային տեխնոլոգիաների մեր դարաշրջանում դրա անփոխարինելի նշանակությունը եւ տնտեսական ու սոցիալական ազդեցությունը։ Թվարկեց այն ոլորտները, որտեղ ՀԱԱՀ-ի շրջանավարտ տնտեսագետները ոչ միայն լուրջ մասնագիտական հաջողությունների են հասել, այլեւ առաջնորդում են այդ ոլորտները, այդ թվում՝ պետական կառավարման համակարգը, մասնավոր ագրոբիզնեսը, միջազգային կառույցները, կրթական հաստատությունները։

Վարժարանցիների hանդիպումը պրոֆեսոր Ղազարյանի հետ տեղի էր ունենում տվյալների մշակման եւ վերլուծության լսարանում (ուսանողների շրջանում հայտնի է որպես «TOPAS-ի լսարան»), որտեղ պարոն Ղազարյանն աշակերտների ուշադրությունը հրավիրեց հայազգի գյուտարարների նկարների վրա, որոնք աշխարհը փոխած գյուտերի հեղինակներ են։

Պրոֆեսոր Ղազարյանը վարժարանի սաներին հաղորդակից դարձրեց նաեւ Ագրարային համալսարանի համբավավոր միջազգային կրթական ծրագրերի՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի, Ագրարային մենեջմենջ միջազգային մագիստրոսական ծրագրի, ինչպես նաեւ եվրոպական շարժունության Էրասմուս+ ծրագրի ընձեռած հնարավորություններին, առարկայորեն ցույց տվեց միջազգային կրթական ծրագրերի եւ անգլերենի իմացության կարեւորությունը այսօրվա մասնագիտական աշխատաշուկայում։

Տնտեսագիտականի ղեկավարները աշակերտներին ուղեկցեցին նաեւ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր, որտեղ օրեր առաջ տեղի է ունեցել գյուղատնտեսության տեխնոլոգիացման ոլորտի ազգային մակարդակով շատ կարեւոր իրադարձություն՝ Ագրոտեխնոլոգիական ստարտափների 3-րդ մրցույթը։ Երեխաներն այս անգամ չկարողացան այցելել բաց տարածքի ոճով նորաբաց ընթերցասրահը, ավելի ճիշտ չցանկացան ընդհատել հերթական գործակցային հուշագրի ստորագրման արարողությունը, որ այդ պահին տեղի էր ունենում բացումից անմիջապես հետո ուսանողների սիրելի անկյունը դարձած սրահում։ Նրանք վստահաբար կունենան այդ հնարավորությունը առաջիկայում՝ հաշվի առնելով վարժարանի տնօրինության նախանձախնդիր ու հետեւողական վերաբերմունքն ու քաղաքականությունը երեխաների մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում։