Նրանք լինելու են սննդի անվտանգության առաջնագծում

Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1-ից մորթը պարտադիր պետք է իրականացվի սպանդանոցներում: Արդեն գործում է 62 սպանդանոց, մինչեւ տարեվերջ այդ թիվը կգերազանցի ութ տասնյակը: Հանրային առողջության տեսակետից այս շատ կարեւոր քայլը հրատապ դարձրեց անասնաբույժ, սննդի փորձագետ մասնագետների վերապատրաստումը:

Վերապատրաստման գաղափարը ծնվեց ՍԱՏՄ-ում, բնականաբար՝ կյանքի կոչվեց ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական ներուժի ջանքերով, Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի օժանդակությամբ՝ «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը:

Մասնակիցները ընտրվել են մրցակցային հիմունքներով՝ հայտերը սպասվածից ավելին էին: Տեսական դասերը տեւել են հինգ շաբաթ, ՀԱԱՀ Մուդլ հարթակում, եւ մասնակիցները մեկ շաբաթ գործնական հմտություններն ու կարողություններն են զարգացրել: Ուսումնասիրել են նախասպանդային, հետսպանդային հետազոտություններ ու լաբորատոր փորձաքննություն կատարելու մեթոդները:

Ծրագրի մասնակիցներին շնորհավորեցին ու աշխատանքային հաջողություններ մաղթեցին ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՌԶԳ ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը: Պարոն Ավետիսյանը շնորհակալագրեր հանձնեց այս աննախադեպ ու խիստ կարեւոր ծրագիրը հաջողությամբ իրագործելուն նպաստած անհատներին: Նրանք 67-ն էին՝ տեսական եւ գործնական դասընթացները հաջողությամբ ավարտածները, ընդ որում առցանց տեսական դասընթացին մասնակցել էին 123-ը:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նկատեց, որ Աշխարհը համակած վարակը մեզ հնարավորություն տվեց վերարժեւորելու մեր հնարավորությունները, նոր ծրագրեր ուսումնասիրելու-յուրացնելու: «Այս հավաստագիրը սկիզբն է եւ վկայությունը, որ դեռ շատ բան կա սովորելու, որովհետեւ ոլորտը բարդ է, անելիքները՝ շատ: Ձեզնից կյանքեր են կախված»,-անասնաբուժության դերը հստակ սահմանեց ռեկտորը:

Համավարակի պատճառով մարդկանց կուտակումներից խուսափելու համար, դասընթացն ավարտելու հավաստագրերը շնորհվեցին երեք փուլով, մասնակիցների փոքր խմբերով, մեծ դահլիճում: