Միջազգային շաբաթ Պորտոյի համալսարանում

Ապրիլի 15-ին Պորտուգալիայի առաջատար համալսարաններից մեկում Էրազմուս+ ծրագրի շրջանակում մեկնարկեց հերթական միջազգային շաբաթը, որին ՀԱԱՀ-ից մասնակցեց Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։ Մասնակցությունը երկու նպատակ ուներ․ ամրապնդել ընդունող համալսարանի հետ նորաստեղծ կապերն ու քննարկել ՄԿԴ-ի կողմից համակարգվող AFISHE նախագծին առընչվող հարցերը, որի գործընկերներից է Պորտոյի համալսարանը։

Մասնակիցների աշխահագրությունը բավականին լայն էր․ Արգենտինա, Մոզամբիկ, Իսպանիա, Սենեգալ, Հարավային Կորեա, Վիետնամ, Ուզբեկստան, Ղազախստան։ Բավականին հագեցած հանդիպումներն ու քննարկումները հիմնականում առընչվում էին միջազգային կրեդիտային շարժունության իրականացմանն ու կարողություններին միտված նախագծերի նոր՝ Եվրամիության կողմից հրապարակված առաջնահերթություններին։ Մասնավորապես, քննարկվեց սեռերի հավասարության հարցը կրթական եւ գիտական միջավայրում եւ դրան օժանդակող որոշ կարգավորումներ։ Պորտոյի համալսարանի պրոֆեսոր Մարիսա Մաթիասը մանրամասն վիճակագրությամբ ներկայացրեց գիտակրթական վարչական, ակադեմիական եւ կառավարչական ոլորտներում կանանց եւ տղամարդկանց ներգրավվածության աստիճանն ու այն պատճառները, որոնք ազդում են դրա վրա։ Կան միջազգային նախագծեր, որոնց մասնակցության համար այլեւս պարտադիր պայման է որոշակի քանակով կանանց ներգրավվածության ապահովումը։ Տարբեր երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց երկրներում տիրող իրավիճակն ու առկա հիմնախնդիրները։ Ընդ որում, որոշ երկրներում այն խիստ խնդրահարույց է։ Պարոն Համբարձումյանը վկայեց առհասարակ հայաստանյան գիտակրթական միջավայրում եւ մասնավորապես ՀԱԱՀ-ում սովորող եւ աշխատող կանանց ներգրավվածության բարձր աստիճանը։

Պորտոյի համալսարանը շուրջ երկու տասնամյակ առաջ նախաձեռնեց մի համարձակ նախագիծ՝ գիտության եւ բիզնեսի կապի ամրապնդման եւ գիտելիքահենք բիզնես միջավայր ապահովելու համար։ Ներկայում այն համալսարանի ամենահաջողված նախաձեռնություններից է եւ հանդես է գալիս Գիտության եւ տեխնոլոգիայի պարկ անվամբ։ Այն ժամանակակից մոտեցումների, մտածելակերպի եւ տեխնոլոգիաների վրա հիմնված կենտրոն է, որտեղ  մարդու նորարարական՝ ստարտափ գաղափարը կարող է կյանքի կոչվել։ Սակայն դրա համար այն դեռ պետք է բարելավվի, զարգանա, ապացուցի իր կարեւորությունն ու յուրահատկությունը, իսկ այդ ամենն իրականացվում է Պարկի մասնագետների օժանդակությամբ։ Յուրահատուկ կենտրոն է, որտեղ հանդիպում են հետազոտողներն ու բիզնեսը, նորարարական գաղափարներ կրողներն ու մարդիկ, որոնք գումար ունեն եւ ցանկանում են ներդրումներ կատարել։ Հետաքրքիր է այն, որ լինելով Պորտոյի համալսարանի երթակառուցվածք, պարկը միաժամանակ անկախ է, որն էլ ապահովում է դրա աշխատանքի ճկունությունը։

Պորտոյի համալսարանի յուրահատուկ կենտրոններից է Կենսաբազմազանության սրահը եւ բուսաբանական այգին։ Այցի օրը այն բազմամարդ էր․ շուրջ հինգ տասնյակ աշակերտներ եկել էին ծանոթանալու բնության բազմազանությանն ու հասկանալու պահպանման կարեւորությունը։ Ընդ որում, Կենսաբազմազանության սրահի կառուցվածքն ու ցուցանմուշների տեղադրությունը խիստ տարբերվում են դասական ցուցադրումից։ Առաջին հայացքից խիստ տարբերվող, սակայն իրականում ընդամենը երկու կենդանատեսակների հարյուրավոր նմուշները, եւ դրան հակառակ, արտաքնապես գրեթե միանման, սակայն իրականում տարբեր կենդանատեսակներին պատկանող նմուշները ցուցադրում են բազմազանության ընդարձակությունը։ Այստեղ այցելուները կարող են ինտերակտիվ եղանակով «ապացուցել» բնության այս կամ այն ձեւի իդեալական կառուցվածքը՝ կախված կենսակերպի պայմաններից։ Երիտասարդների շրջանում բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու (իսկ ապագայում՝ հնարավոր է նաեւ այդ ուղղությամբ մասնագիտանալու) այլ արդյունավետ տարբերակ դժվար էր մտածել։

Պորտոյի համալսարանը եվրոպական առաջին համալսարաններից էր, որ թվայնացումը կիրառեց համալսարանական տարբեր գործընթացներում։ Միջազգային շաբաթի մասնակիցներին ներկայացվեց միջազգային եւ տեղական շարժունության թվայնացված հարթակը, դրա հնարավորությունները, աշխատանքի սկզբունքը։ Ընդ որում, այն ստեղծել է Պորտոյի համալսարանի միջազգային գրասենյակում աշխատող մի կամավոր, որը հիմա էլ բարելավում եւ զարգացնում է այն։

Վերջին հանդիպում-քննարկումներից մեկը նվիրված էր կրթական միջավայրի թերեւս ամենախոցելի հարցերից մեկին՝ ներառականությանը։ Որպես քննարկումների արդյունք՝ վերհանվեցին այդ ուղղությամբ իրականացվող քայլերն ու իրավական կարգավորումները։

Միջազգային շաբաթի նպատակներից մեկը ապագա համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ մտքերի գեներացումն ու ներկայացումն էր։ Պարոն Համբարձումյանը ներկայացրեց նոր նախագծի պլան-մոդել՝ իր նպատակով, իրականացվող գործողություններով, վերջնարդյունքներով եւ թողած ազդեցությամբ, որը հավանության արժանացավ թիմից եւ ներկայացվեց որպես մոդել։

ՀԱԱՀ ներկայացուցիչն իր գործընկերների հետ քննարկեց նաեւ AFISHE նախագծին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք ամփոփվելու են միջնաժամկետ հաշվետվությունում եւ քննարկվելու են առաջիկա աշխատանքային հանդիպմանը։

Հագեցած աշխատանքային շաբաթը «թեթեւացվեց» Պորտոյի համալսարանի միջազգային աշխատակիցների ջերմ բարյացակամությամբ, օգնելու պատրաստակամությամբ եւ ընկերական միջավայրի ստեղծմամբ։

Կարող ենք փաստել, որ Պորտուգալիայի լավագույն համալսարաններից մեկն այլեւս մեր գործընկերն է։