ՀԱԱՀ հինգ գիտական ստորաբաժանումներ մասնակցեցին ԳԱԱ «Գիտություն» ցուցահանդեսին

Ապրիլի 23-ին ՀԱԱՀ Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ն, Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը, Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ-ն, Հ․ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնը եւ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան մասնակցեցին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության բակում բացված «Գիտություն» վերտառությամբ ցուցահանդեսին։ Այն կազմակերպվել էր ԳԱԱ 2023 թ․ գիտական եւ գիտահետազոտական գործունեության արդյունքների ներկայացման շրջանակում։ ԳԱԱ տարեկան ժողովին եւ ցուցահանդեսին մասնակցեցին նաեւ ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը եւ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը։ Մասնակիցներին ողջունեցին ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն հայտնեց ԳԱԱ-ին ցուցահանդեսի կազմակերպման համար եւ այն կարեւոր համարեց մասնավորապես որպես կառավարության եւ ակադեմիայի միասնական հարթակ՝ դպրոց-բուհ կապի ամրապնդման եւ երիտասարդության համար դեպի գիտություն ճանապարհ բացելու տեսակետից։

Ինչպես եւ սպասվում էր, Ագրարայինի գիտական ստորաբաժանումների տաղավարն ամենամարդաշատերից մեկն էր։ Այցելուների թվում բազմաթիվ դպրոցականներ, քոլեջականներ հնարավորություն ունեցան ծանոթանալու ոչ միայն ցուցանմուշներին, պաստառներին, համտեսելու արժեքավոր օրգանական մթերքներ, այլեւ հաղորդակից դարձան համալսարանի նորարարական կրթական ծրագրերին։