Խաղաղ ծառայություն մեր զինվորներին. ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհավորում է Ագրարայինի ուսանող զինվորներին

Մեր պատմության երկար ու դժվարին ուղիներում հայ շինականն է ապահովել Հայոց բանակի թիկունքը, իսկ հաճախ հենց ինքն է թողել հողն ու այգին եւ նույն այդ հողին արժանի լինելու իրավունքը վաստակել պատերազմում։

Այդպես է եղել սկսած Քուր-Արաքսյան մշակույթից, այդպես է այսօր։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները բազմաթիվ փառավոր, հերոսական էջեր են գրել անկախությունից եւ ազգային բանակի կազմավորումից ի վեր, Արցախյան ազատագրական պատերազմներում եւ ավելի խաղաղ ժամանակներում՝ Հայրենիքի պետական սահմանի ամբողջ երկայնքով, բոլոր զորամասերում ու զորատեսակներում։ Այս պահին էլ Ագրարայինի ուսանող զինվորները նվիրումով ու սիրով են կրում հայրենիքի, հողի ու պատվի պահապանների իրենց կոչումը։

Հայոց բանակի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀԱԱՀ-ի՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինված ուժերում ծառայող ուսանողներին, նրանց ընկերներին ու հրամանատարներին, ծնողներին, ցանկանում նրանց խաղաղ երկինք, ամուր կամք, ռազմական մասնագիտությունների ու ռազմարվեստի նրբությունների կատարյալ յուրացում եւ բարի վերադարձ իրենց ընտանիքներ ու հարազատ համալսարան։

Սիրելի զինվորներ, համալսարանում ձեզ սպասում են խաղաղ ու ստեղծագործ ուսումն ու աշխատանքը՝ նորացվող միջավայրով եւ վաղվա օրվա հանդեպ նորոգվող հավատով։