Ագրոտեխնոլոգիական լավագույն ստարտափներն արժանացան դրամական պարգևների

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում դեկտեմբերի 21-ին անցկացվեց ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին մասնակցում էին գյուղատնեսության հիմնախնդիրների ուղղությամբ ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջարկող ստարտափ թիմեր ամբողջ Հայաստանից:
Մրցույն անցկացվեց ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր նախագծի շրջանակում, որի նպատակն է աջակցել ագրոբիզնեսի ոլորտի նորաստեղծ կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ տրամադրելով տեխնոլոգիական և գործարար ծառայություններ, համատեղ աշխատանքի տարածք և մեկնարկային ֆինանսավորում: Նախքան մրցույթը՝ ծրագրի առաջին փուլում, շուրջ 100 շահառուի համար (ՀԱԱՀ-ի և այլ համալսարանների ուսանողներ, դասախոսներ, ոլորտով հետաքրքրվող անձիք), իրականացվել է ստարտափերի կառավարման և գյուղատնտեսության ոլորտի հնարավորությունների վերաբերյալ կրթական դասընթաց:
Սպասված մրցույթին ներկա էին ագրարային ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ագրո փորձագետներ: Միջոցառման հանդիսավոր բացմանը ելույթ ունեցան և ստարտափ թիմերին ողջունեցին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Իրինա Փանոսյանը, ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Ագրոտեխ ինկուբատոր ծրագրի ղեկավար Հովհաննես Երիցյանը: Մրցութային գաղափարների ներկայացմանը նախորդեցին պանելային քննարկումները՝ մասնակցությամբ ոլորտի առաջատար մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների (Արսեն Գասպարյան՝ WWF Armenia, Տիրան Հակոբյան՝ «Էկո-Ֆրեշ Մաշրումս» ՍՊԸ, Կարեն Գևորգյան՝ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն, Վարդան Ուռուտյան՝ ՀԱԱՀ, Կարեն Բաղդասարյան՝ «Սպայկա» ՍՊԸ): Այս առումով մրցույթը լավագույն հարթակ է ոլորտի առաջատար մասնագետների միջոցով ժամանակակից գյուղատնտեսության մարտահրավերները վերհանելու և միահամուռ ուժերով լավագույն լուծումներ առաջարկելու համար: Այն կարևոր նշանակություն ունի նաև ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման և տաղանդաշատ թիմերի բացահայտման տեսանկյունից։
Մրցույթի մասնակից 16 ստարտափ թիմերը ներկայացրեցին իրենց նորարարական լուծումները՝ միտված ագրոտեխնոլոգիական մարտահրավերներին, իսկ ժյուրին (որի կազմում էին «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ընկերության գլխավոր տնօրեն Գարեգին Գևորգյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Պատվական Հախինյանը, «Սպայկա» ՍՊԸ փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը, ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը, ՄԱԶԾ դրական ներազդեցությամբ ներդրումների խորհրդական Վահագն Ոսկանյան, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը, ԱԿԲԱ ֆեդերացիայի ղեկավար Հարություն Պողոսյանը) ընտրեց լավագույն երեք գաղափարները, որոնք էլ արժանացան դրամական պարգրների:
Մասնակիցներից Սվետլանա Ջաղացպանյանի ներկայացրած «Forest Guard» և Գևիկ Դավուդի «Saffronomatic» ստարտափ նախագծերն արժանացան 800-ական ամերիկյան դոլարի, իսկ Արմեն Բարսեղյանի «Smart Garden» նախագիծը՝ 400-ի: «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ընկերության կողմից 400 դոլար անակնկալ մրցանակ ստացավ «TreeCone» ստարտափ գաղափարը (նախագծի հեղինակ՝ ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողուհի Մարիամ Գրիգորյան):
Նշենք, որ մրցույթն իրականցվեց ImpactAIM ANAU Agri-Tech ինկուբատորի շրջանակում՝ Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ImpactAIM աքսելորատորի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ասիական զարգացման բանկի, Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի, Nation in Action հարթակի և ՀՀ ագրոարդյունաբերական ոլորտի առաջատար կազմակերպությունների համատեղ ուժերով։