Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Մեղրիի թիվ 1 դպրոցի աշակերտների հեռավար հանդիպումը

Սյունիքի մարզի Մեղրիի թիվ 1 դպրոցի 10-12-րդ դասարանների շուրջ 50 աշակերտներ մայիսի 3-ին առցանց հանդիպում ունեցան ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի, Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, դոցենտ Աշոտ Ոսկանյանի եւ նույն ամբիոնի դասախոս Ծաղկանուշ Միրզոյանի հետ:

Ողջունելով սահմանապահ քաղաքի ապագա տերերին՝ պրոֆեսոր Ղազարյանը առանձնահատուկ կերպով շեշտադրեց, որ լավ մասնագետ դառնալու հաջողության գրավականը ճիշտ մասնագիտական կողմնորոշումն է, եւ իհարկե, լավ սովորելը: Պարոն Ղազարյանը ամենայն մանրամասնությամբ, դիտակտիկ նյութերի ուղեկցությամբ ներկայացրեց մեր համալսարանի պատմությունը, ֆակուլտետների գործունեությունը եւ մասնագիտությունների առանձնահատկությունները՝ շեշտադրելով մասնագիտությունների կարեւորությունը երկրի գյուղատնտեսության զարգացման գործընթացում: Անդրադարձավ բուհում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ներկայացնելով հատկապես վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները, ցուցադրելով լսարանների հագեցվածությունը, արտալսարանային դասընթացների կազմակերպման հնարավորությունները ջերմատնային տնտեսությունում եւ ՀԱԱՀ-ի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնափորձնական տնտեսություններում:

Ագրարային համալսարանի տնտեսագիտական մասնագիտություններին անդրադարձավ նաեւ ամբիոնի վարիչ Աշոտ Ոսկանյանը: Նա կարեւորեց նման ձեւաչափով հանդիպումները, ՀՀ հեռավոր շրջանների, հատկապես՝ Մեղրիի տարածաշրջանի աշակերտների հետ: Նրա կարծիքով, ագրարային ոլորտում որակյալ կրթություն ստանալը եւ նորարարական տեխնոլոգիաների կիրառությունը կնպաստի Մեղրիի գյուղատնտեսական ներուժի  առավել արդյունավետ օգտագործմանը: Ի լրացում պարոն Ղազարյանի խոսքի, պարոն Ոսկանյանը նշեց, որ բուհն այժմ դինամիկ զարգացման փուլում է, եւ ընտրելով Ագրարային համալսարանը, իրենք ձեռք կբերեն ժամանակի պահանջներին համահունչ հմտություններ եւ մասնագիտական կարողություններ: Խոսվեց նաեւ ագորբիզնեսի կազմակերպման, պլանավորման, կանխատեսման կարեւորության մասին:

Հանդիպման ընթացքում ստեղծվել էր անմիջական մթնոլորտ, որն աշակերտներին հնարավորություն ընձեռեց ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները՝ Ագրարային համալսարան ընդունվելու, առկա եւ հեռակա ուսուցման համակարգերի առանձնահատկությունների, վարձավճարների եւ գործող արտոնությունների վերաբերյալ: