Այսօր՝ նոյեմբերի 29-ին, հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրս ընդունված ուսանողների առաջին կանչն էր: Մեծ դահլիճում նորեկներին ողջունեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հեռակա դեպարտամենտի պետ Հարություն Հարությունյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը:
Ռեկտոր Ուռուտյանը, դրվատելով առաջինկուրսեցիների ճիշտ ընտրությունը, խոսեց ագրարային մասնագիտությունների արդիականության եւ վերջին երեք տարիների ընթացքում անճանաչելիորեն փոխված Ագրարային համալսարանում բարձրակարգ կրթության համար ստեղծված պայմանների մասին: Սա հնարավորություն կտա այսօր համալսարան ոտք դրած երիտասարդներին իրենց արժանի տեղը գտնել մասնագիտական աշխատաշուկայում, նշեց պարոն Ուռուտյանը:
Համալսարանի՝ ագրարայինից ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոնի անցման ճանապարհին լուրջ աշխատանքներ են իրականացվել՝ կրթական ծրագրերի հիմնարար փոփոխություններից մինչեւ տեխնոլոգիապես հագեցած բազմաթիվ նոր ենթակառույցների ստեղծում: Այսօր ուսանողների տրամադրության տակ են նորարարական ջերմատունը, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը, ինտենսիվ այգիները, գինեգործարանը, որտեղ արտադրվում է «Սերունդ» գինին, Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, հրուշակեղենի արտադրամասը, 30 մասնագիտական լաբորատորիաները, գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը եւ այլն:
Պարոն Ուռուտյանը առանձնահատուկ կերպով ողջունեց բանակից վերադարձած ուսանողներին, շնորհակալություն հայտնեց նրանց Հայրենիքին պատվով ծառայելու համար:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում անմահացած հերոսների, այդ թվում 43 ագրարայինցիների անմար հիշատակը:
Եվս մեկ ուղերձ, որ ռեկտորը հղեց նորեկներին, վերաբերում էր լեզուներ սովորելուն, միջազգային ծրագրերին ակտիվորեն մասնակցելուն եւ նոր տեխնոլոգիաներին տիրապետելուն: Համալսարանը տալիս է այս ամենի լիարժեք հնարավորությունը, համալսարան, որի ազգային եւ միջազգային վարկանիշը աննախադեպ բարձրացել է:
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը հանդես եկավ համալսարանի կրթական հնարավորությունների մասին պատմող ներկայացմամբ, որից հետո հեռակա դեպարտամենտի պատասխանատուներն անցան ուսանողների հետ աշխատանքային-կազմակերպչական հարցերի քննարկմանը: