Ապագա խաղողագործները վերապատրաստվում են GIZ-ի develoPPP նախագծի շրջանակում

Նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացավ «Խաղողի տնկանյութի աճեցման տեխնոլոգիա» թեմայով վերապատրաստման առաջին դասընթացը երկու խմբերի՝ 2-րդ-ից 4-րդ կուրսերի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։ Դասընթացը մշակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Էնդեմիկ խաղողի պատվաստման համար շրջանակային պայմանների ստեղծում» develoPPP նախագծի շրջանակում, որը իրականացվում է գերմանական «Անտես» կազմակերպության հետ համատեղ:
Դասընթացը վարեց ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագործության գիտական կենտրոնի գիտաշխատող, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Բելլա Գրիգորյանը։ Արդեն հարուստ մասնագիտական փորձ ունեցող եւ Գերմանիայում համապատասխան վերապատրաստում անցած հետազոտող դասախոսը շատ բան ուներ հաղորդելու իր ուսանողներին, ընդ որում՝ այդ ամենը նա անում էր ուսանողներին դասընթացի տեսական ու գործնական մասերի մեջ «ներքաշելու» անվրեպ մեթոդաբանությամբ։
Տիկին Գրիգորյանից ուսանողները սովորեցին բարձրորակ տնկանյութի ստացման կարեւորության, բազմացման եղանակների, տնկարանի կազմակերպման, յուրարմատ տնկանյութի աճեցման առանձնահատկությունների, պատվաստված տնկանյութի աճեցման ընթացակարգերի վերաբերյալ կարեւոր գիտելիքներ։
Դասընթացի տեսական մասի գիտելիքներն ուսանողները հնարավորություն ստացան ամրապնդելու Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի կոլեկցիոն այգում եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնում։