Վերապատրաստում «Ստանդարտ դիալոգ» ընկերությունում

ՀԱԱՀ Անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանը եւ նույն ամբիոնի դոցենտ Մերի Բաղդասարյանն օրերս մասնագիտական վերապատրաստում են անցել «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի ուսումնական կենտրոնում:

Վերապատրաստումն անցկացրել է որակի կառավարիչ եւ ուսումնական կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Հայկուշ Բադիկյանը, որը նաեւ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի արդյունաբերական խորհրդի անդամ է, ֆակուլտետի ընկերն ու գործընկերը՝ իր մասնագիտական խորհրդատվությամբ ու փորձով միշտ թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների կողքին: Նա նաեւ ակտիվորեն ներգրավվում է դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի քննարկումներին:

Եռօրյա վերապատրաստման ընթացքում մերոնք ծանոթացել են սննդամթերքի որակի եւ անվտանգության ապահովման արդիական մոտեցումներին ու մեխանիզմներին, ուսումնասիրել նորմատիվ-օրենսդրական բազան, հաղորդակից դարձել սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային պահանջներին, փորձարարական լաբորատորիաներին ու փորձարկումներին ներկայացող միջազգային պահանջներին:

Ինչպես նշում է տիկին Կարախանյանը, քանի որ սննդամթերքի որակի եւ անվտանգության ոլորտում զարգացումները շատ արագ են ընթանում, ուստի կարեւոր է կատարվող փոփոխությունների մասին իրազեկ լինելն ու «թրենդի մեջ մնալը»: «Վերապատրաստման շրջանակում ստացած գիտելիքներն ու հմտությունները շատ օգտակար էին ու արդիական․ անշուշտ, մենք դրանք կկիրառենք ինչպես դասավանդելիս, այնպես էլ ՀԱԱՀ-ում առաջիկայում բացվելիք կաթնամթերքի, մսամթերքի, ձկնամթերքի եւ պահածոյագործության դեմո լաբորատորիաները գործարկելիս»,-նշում է Մարինա Կարախանյանը՝ շնորհակալություն հայտնելով «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն  Արման Արարատյանին եւ  ուսումնական կենտրոնի ղեկավար Հայկուշ Բատիկյանին՝ արդյունավետ վերապատրաստման եւ Ագրարային համալսարանի հետ մշտական գործակցության համար:

Նշենք, որ նախորդիվ «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ում համանման վերապատրաստում էին անցել Անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի եւս 5 դոցենտ՝ Նառա Չատինյանը, Աննա Դաշտոյանը, Էմմա Սահակյանը, Աշոտ եւ Արփինե Աղաբաբյանները: Ստանդարտ դիալոգը նաեւ ՀԱԱՀ ուսանողների փորձուսուցման, ուսումնաճանաչողական այցերի սիրելի վայրերից մեկն է, որտեղ միշտ պատրաստակամ են փոխանցել մասնագիտական փորձն ու ծանոթացնել ոլորտի նորություններին: