«Պարենամթերքի միջազգային առեւտուր» դասընթացի շրջանակում մագիստրանտները դաս են անցկացնում Առողջապահության ազգային ինստիտուտում

Օրերս «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտութ­յան մագիստրանտները «Պարենամթերքի միջազգա­յին ա­ռեւտուր» դասընթացի շրջանակում դասախոս Աստղիկ Ղազարյանի ուղեկ­ցութ­յամբ այցելեցին ՀՀ առողջապահության նա­խա­րա­րութ­յան Ակա­դեմի­կոս Ս. Ավդալբեկյանի առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի Սանիտա­րա­հիգիենիկ փորձարկման լաբորատորիա եւ Հավաստագրման կենտրոն:

Դասին ներկա էր դոկտոր, պրոֆեսոր Սիլվա Սահրադյանը, որը ՀՀ–ում պա­րենային ապրանքների որակի եւ անվտանգության վերաբերյալ ունի 130–ից ավելի  աշխատություն եւ 9 ձեռնարկ:

Աստղիկ Ղազարյանը նշեց, որ արտաքին առեւտուրը փոխշահավետ է  ոչ միայն բացարձակ, այլեւ համեմատական առավելության դեպքում։ Պետք է արտահանվեն եւ ներմուծվեն  այնպիսի ապրանքներ, որոնց որակն ու անվտանգությունը լիովին համապատասխանում են տվյալ երկրի նորմատիվային փաստաթղթերի պահանջներին: Որակի եւ անվտանգության  ստուգումն իրա­կանացվում է  սահմանը հա­­­տելիս՝ մաքսային կետում, ինչպես նաեւ հավատարմագրված լա­բորա­տորիաներում: Փորձագիտական լաբորա­տո­րիա­ները տրամադրում են ՀՀ արտա­հանվող եւ ներմուծվող ապրանքների փորձարկման ակտ, որոնց լրացմանը մասնակցել են մագիստրանտները: Ակտի հիման վրա, ըստ ԵԱՏՄ երկրների պահանջի, տրամադրվում է կամ «Համապատասխանության հայտա­րա­րագիր» կամ «Համապատասխանության հավաստագիր», որոնց առկայությամբ ՀՀ ապրանքներն արտահանվում են առանց խոչընդոտի: Համապատասխանության հավաս­տագ­րերի տրամադրման կարգին մագիստրանտները ծանոթացել են «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի առողջապա­հության ազգային ինստիտուտ» ՓԲԸ–ի  Հավաս­տագրման կենտրոնում: Նրանք նաեւ հնարավորություն են ունեցել լսելու պրոֆեսոր Սահ­րադ­յանի դասախոսությունը «Միջազգային առեւտրում պարենային ապրանքների եւ պա­րենահումքի որակի եւ անվտանգության դերն ու նշանակությունը, կեղծման մե­թոդ­ները, ինչպես նաեւ  անվտանգության եւ որակի համակարգերի կառավարման հիմ­նախնդիրները» թեմայով:

Հետազոտման մեթոդների եւ սարքավորումների մասին պատմել է լաբո­րա­­տորիայի ղեկավար, դոցենտ Ոսկեհատ Ոսկանյանը: Մագիստրանտներին հնարավորություն է տրվել իրականացնել փոր­ձաքննություն, ինչպես նաեւ մասնակցել մեղրի կեղծման բացահայտմանը:

Պրոֆեսոր Սահրադյանը վերջում հավելել է, որ պարենային ապրանքների եւ պարենահումքի անվտանգության ապահովումը յու­րա­­քանչյուր պետության կարեւոր հիմնախնդիրներից, ՀՀ տնտե­սութ­յան ագրարային հատվա­ծում իրականացվող քաղաքականության գերակայութ­յուն­ներից է: