SMARTI նախագծի իրազեկման միջոցառում՝ ԵՄ համակարգող Ջերարդ Քալենի մասնակցությամբ

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, տեղի ունեցավ Էրազմուս+ ՀԳ2 SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի իրազեկման հերթական միջոցառումը։ Մասնակիցների թվում էին նախագծի ԵՄ համակարգող Ջերարդ Քալենը, Դրեզդենի տեխնիկական համալսարանի լեզվի կենտրոնի տնօրեն Կատյա Ուլմանը, նախագծի հայաստանյան համակարգող Թերեզա Խեչոյանը, Հայաստանի տեխնոլոգիական ապագան նախաձեռնության համակարգող Կիմա Ղուլյանը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանը։
Բացի Դրեզդենի տեխնիկական համալսարանից եւ ՀԱԱՀ-ից, նախագծի շրջանակում համագործակցում են եւս 13 համալսարան Լատվիայից, Պորտուգալիայից, Մեծ Բրիտանիայից, Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, SMARTI նախագծի հիմնական նպատակը գործընկեր համալսարաններում անգլերեն լեզվով դասավանդման եւ վերապատրաստման հարցում տարբեր մասնագիտության տեր դասախոսներին օգնելն է, ինչպես նաեւ հայաստանյան եւ ռուսաստանյան շահառու բուհերի միջազգայնացմանը, աշխատակազմերի ու ուսանողների շարժունությանն ու փոխանակմանն օժանդակելը։
ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը ներկայացրեց նախագծի շրջանակում կատարված աշխատանքը, նշեց ձեռքբերումները։ Քննարկվեցին անգլերենի զարգացմանը միտված դասընթացների եւ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ առաջարկները։
Նախագծի համակարգող Ջերարդ Քալենը եւ մյուս հյուրերը գոհունակություն հայտնեցին առհասարակ նախագծի ընթացքից՝ չթաքցնելով, որ հայաստանյան գործունեության հարցում մեծապես հենվում են Ագրարային համալսարանի, այլ խոսքով՝ մեր Միջազգային կապերի դեպարտամենտի եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վրա։ Միակ «հաճելի» մտահոգությունը, որ արտահայտեց պարոն Քալենը՝ հայ ուսանողների շատ փոքր թիվն է միջազգայնացման առումով օրինակելի Դրեզդենի տեխնիկական համալսարանում։
Անգլերենի եւ առհասարակ օտար լեզուների անբավարար իմացությունը խոչընդոտ է հանդիսանում ուսանողների հետագա զարգացման ու մասնագիտացման հարցում․ սա նաեւ Միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Գարեգին Համբարձումյանի մտահոգությունն է, մանավանդ՝ շարժունության ծրագրերի բազմաքանակ եւ բազմազան հնարավորությունների պայմաններում, որով առանձնանում է մեր բուհը։
Նախագծի շրջանակում մշակվել է 9 մոդուլ, որոնցից երկուսի՝ «EMI բանավոր դասավանդման հմտություններ» եւ «ESP/ անգլերենը հատուկ նպատակների համար», դասավանդումը Ագրարայինում կմեկնարկի դեկտեմբերի 1-ին։
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին SMARTI EMI նորաբաց կենտրոն, որի պաշտոնական բացումը կկայանա շուտով, ինչպես նաեւ առիթն օգտագործեցին ABioNet Էրազմուս+ ՀԳ2 նախագծի շրջանակում 2021 թ․ բացված լաբորատորիային ծանոթանալու համար։ Նախագծի շրջանակում ՀԱԱՀ-ում նաեւ ներդրվել է Սննդամթերքի անվտանգության մագիստրոսական ծրագիրը։
SMARTI նախագծի մասին մանրամասներ կարելի է գտնել այստեղ։