Ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում նշանավորվեց ֆիզիկայի լաբորատորիայի բացմամբ։ Այն ձեւավորվել եւ անհրաժեշտ սարքավորումներով հագեցվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։ Բացման օրն ուսանողները կատարեցին առաջին ցուցադրական փորձերը։
Բացման արարողությանը մասնակցեց Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, որը օրվա առիթով ողջունեց ուսանողներին եւ դասախոսներին, պատվոգրեր եւ գրքեր հանձնեց միջին մասնագիտական կրթական ծրագրի 7 ուսանողի։
Ուսանողներն օրը հագեցրին երգ ու պարով, ներկայացրին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի անցած ճանապարհն ու այն պայմանները, որ ստեղծվել են հարազատ կրթօջախում` ուսանողների առօրյան ու կրթական գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով։
Խորհրդանշական ժապավենը կտրեցին Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն ու ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Խաչատրյանը։ Համայնքապետարանի աշխատակիցները շրջեցին մասնաճյուղում, ծանոթացան առկա լաբորատոր պայմաններին ու ռեսուրսներին։