Մայիսի 21-ին կայացավ Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման դասընթացի մասնակիցների առաջին գործնական այցելությունը Արմավիրի մարզի Լենուղի համայնքում գտնվող Հովսեփյանների պտղատնկարան:
Նախագծի փորձագետներ Արամ Ասատրյանը եւ Գայանե Ավագյանը ցույց տվեցին եւ բացատրեցին տնկարանի բաժինները եւ դաշտերը, տնկիների ձեւավորման, մշակության ու խնամքի աշխատանքներին առնչվող հարցերը։ Ներկայացվեցին տնկարանում եւ պտղատու այգում արձանագրված մի շարք վնասակար օրգանիզմներ եւ աբիոտիկ գործոններից առաջացած հիվանդություններ, ինչպես նաեւ այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել այգում եւ հարակից տարածքում` տնկիների վարակվածությունից խուսափելու եւ առողջ տնկանյութ արտադրելու համար:
Կատարվեց պատվաստման աշխատանքների ցուցադրում պատվաստման տարբեր եղանակների կիրառմամբ, պատվաստման գործիքների օգտագործման, ինչպես նաեւ տնկարանում ցույց տրվեց տնկիների ձեւավորման կարգը։ Տնկարանի սեփականատեր Սարգիս Հովսեփյանը դասընթացի մասնակիցներին հաճույքով ծանոթացրեց պատվաստի գործիքների իր հարուստ հավաքածուին եւ այդ գործիքներով պատվաստի կատարման տարբեր ձեւերին:
Մասնակիցները տպավորված են եւ շնորհակալություն են հայտնում պարոն Հովսեփյանին՝ խմբին հյուրընկալելու համար։
Դասընթացն իրականացնում է Ագրարային համալսարանը՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միությունից եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցությունից (ԱԶՀ)։