ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիական աքսելերատորի (ImpactAim ANAU AgriTech Accelerator) ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց երեկ՝ 2020թ․ հունիսի 9-ին կազմակերպված վեբինարի միջոցով, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերատորը՝ ՀԱԱՀ-ի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), ICARE հիմնադրամի եւ Nation in Action հարթակի հետ՝ Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
«Առաջատար տեխնոլոգիաների ազդեցությունը գյուղատնտեսության վրա» վեբինարին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, ՄԱԶԾ-ի Տեխնոլոգիաների, նորարարության եւ հարակայուն զարգացման համաշխարհային կենտրոնի թվային տեխնոլոգիաների գծով ավագ խորհրդական, ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը եւ Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն Պաոլո Սպանտիգատին։
Ծրագրի պաշտոնական մեկնարկը հայտարարելուց հետո ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ դրա հիմնական նպատակը Հայաստանում եւ աշխարհում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների եւ մարտահրավերների լուծումներ գտնելու գործում ստարտափերին եւ «նորաբողբոջ» ձեռնարկատերերին աջակցությունն է։ Պարոն Ուռուտյանը ուրախությամբ հայտնեց, որ դեռ պաշտոնական մեկնարկից առաջ, մրցույթի 2-րդ հրավերին արձագանքել են ավելի քան 150 հայտատուներ, որոնցից ավելի քան 40-ը թիմային հայտեր են։ Անհատական դիմումների 25 եւ թիմային դիմումների 45 տոկոսը արտերկրից են՝ աշխարհի տարբեր մասերից՝ ԱՄՆ, Վրաստան, աֆրիկյան երկրներ եւ այլն։
Պարոն Ուռուտյանը բարձր գնահատեց Աքսելարատորի կայացման հարցում մեծ ներդրում ունեցած Ռուզաննա Սաֆարյանի եւ Հովհաննես Երիցյանի աշխատանքը։ Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ վեբինարին մասնակցող հայտնի պրոֆեսիոնալների ասելիքը ոչ միայն օգտակար, այլեւ ոգեշնչող ազդեցություն կունենա ծրագրի պոտենցիալ մասնակիցների համար։
Այդպես էլ կար․ մասնակիցներն իրենց ասելիքը հրամցրեցին՝ առանց թաքցնելու մեկնարկած նորարարական ծրագրի հանդեպ իրենց հուզական վերաբերմունքը, իհարկե՝ չկորցնելով անաչառությունը։ Դմիտրի Մարիյասինը՝ պարոն Ուռուտյանի ձեւակերպմամբ՝ ծրագրի «կնքահայրը», ՄԱԶԾ-ի համար ծրագրի կարեւորությունը հիմնավորեց այն համոզմունքով, որ «վաղվա խնդիրները լուծելու ավելի լավ եղանակ չկա, քան վաղվա մտածելակերպը զարգացման այսօրվա իրողությունների առմամբ կիրառելը այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է»։ Այս նպատակի համար անհրաժեշտ է ունենալ Աքսելարատորի նման հարթակ եւ ապահովել երեք կարեւոր տարրերի առկայությունը՝ տեխնոլոգիա, ֆինանսներ եւ երկրի մարտահրավերների խորը ըմբռնում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը համոզմունք հայտնեց, որ ծրագրի մեկնարկով նոր էջ է բացվում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման մեջ եւ շնորհակալություն հայտնեց գործընկերներին աննախադեպ նորարարական նախաձեռնության համար։ Պարոն Խոջոյանը շեշտեց, որ աշխարհում բնակչության աճի, աղքատության, բնական պաշարների կրճատման եւ կենսաբազմազանության «անհետացման» պայմաններում առանց լրջագույն փոփոխությունների հնարավոր չէ պատկերացնել գյուղատնտեսության հարակայուն զարգացում։ Սննդի շղթայի հանդեպ նորարարական եւ հարակայուն մոտեցումներ է պետք կիրառել՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները եւ այս գործում համատեղելով պետության, գործարար ոլորտի եւ կրթական համակարգի ջանքերը։ «Բացի գիտության եւ տեխնոլոգիայի զարգացման, ստարտափ գաղափարներ ունեցող նորահայտ ձեռնարկիչների համար եզակի հարթակ լինելուց, ծրագիրը նաեւ յուրաժամանակ կարեւոր աջակցություն է պետությանը՝ համավարակի ազդեցության մեղմացման հարցում», – նշեց փոխնախարար Խոջոյանը։
Վեբինարի մասնակիցների միջեւ ծավալված շատ հետաքրքիր քննարկմանը (անգլերենով) ամբողջությամբ կարելի է հետեւել այստեղ:
Հավելենք, որ ՀԱԱՀ-ում այս պահին ընթանում են Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի տարածքի կառուցման աշխատանքները, տարածք, որը լավագույնս կծառայի գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայող նորարարական ստարտափերի հիմնման ու ծավալման՝ ծրագրի առաքելությանը։