Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, սկսած 2020թ. սեպտեմբերից, կիրականացվի «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը, որը վերջերս հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից: Իր տեսակի մեջ երկրում եւ տարածաշրջանում եզակի կրթական ծրագիրը մնայուն արդյունքն է«Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» նախագծի, որը համատեղ իրականացրել են ՀԱԱՀ-ն եւ Վիեննայի Բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանը (BOKU):
Եռամյա նախագծի արդյունքների ամփոփումը եւ մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցան փետրվարի 6-ին: Շնորհավորելով նախագծի եւ մագիստրոսական ծրագրի շահակիցներին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերության բոլոր կողմերին՝ Ավստրիայի զարգացման համագործակցությանը, Ավստրիայի` բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանն ուղղված գործընկերության ծրագրին (APPEAR), BOKU համալսարանին եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամին: Պարոն Ուռուտյանը տեղեկացրեց, որ համալսարանի ուսանողների գործնական կրթության եւ փորձուսուցման համար նպատակայնորեն կօգտագործվի համալսարանի՝ Ակունք համայնքում գտնվող, ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական կենտրոնը, որն, ի դեպ, համալսարանին է նվիրաբերել մեկ այլ գործընկեր՝ Շեն ՀԿ-ն:
Ողջույնի եւ շնորհավորական խոսքով հանդես եկան նաեւ «Օրգանական Հայաստան» ընկերակցության նախագահ Լուսինե Նալբանդյանը, «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» նախագծի ավստրիական կողմի համադրող Վալենտին Ֆիալան (BOKU), հայաստանյան կողմի համադրող Աստղիկ Սահակյանը (ICARE): BOKU համալսարանի ասպիրանտ Հասմիկ Հովակիմյանը հակիրճ ներկայացրեց մագիստրոսական ծրագիրը:
Նախադեպը չունեցող մագիստրոսական ծրագրի հաջողության համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները՝ ոլորտի մասնագետների հարաճուն պահանջարկ, շահակիցների լայն հանրության (այդ թվում՝ օրգանական մթերք արտադրողների) ակտիվ մասնակցությամբ մշակված ուսումնական պլան եւ առարկայական ծրագրեր, ամենաարդիական գիտելիքներով զինված դասախոսական թիմ, գործող եւ ստեղծման փուլում գտնվող ուսումնահետազոտական ենթակառույցներ:
Հանդիպումն ավարտվեց հայրենական եւ ներմուծված օրգանական մթերքներով հյուրասիրությամբ: