Մեր մարզական նվաճումները․ երբ մարզիկը նաեւ գեղագետ է

-Գիտեք, մրցումների ժամանակ կարեւոր են ոչ միայն ֆիզիկական, հոգեբանական ամուր պատրաստվածությունը, այլ նաեւ ծրագրածդ գեղեցիկ մատուցելու կարողությունը:

Զրուցակիցս քոլեջի երկրորդ կուրսի ուսանող Հայկ Հակոբյանն է, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից: Ընտանիքը կաթնային ագարակ ունի եւ ցանկանում էր համապատասխան կրթություն ստանալ՝ հորը նեցուկ լինելու համար: Բայց հանգամանքների բերումով ընտրեց գինու տեխնոլոգիան եւ չի ափսոսում: Գինին նույնպես հետաքրքիր աշխարհ է:

Ութ տարի առաջ սկսեց մարմնամարզությամբ զբաղվել: Շաբաթը վեց անգամ անտրտունջ, ավելի ճիշտ մեծագույն սիրով գալիս էր պարապմունքների՝ սկզբում Ազարյանի, հետո՝ Շահինյանի մարզադպրոցներում: Իսկ հետո մասնագիտացավ ցատկացանց մարզաձեւում:

Օրերս Լաս Վեգասում տեղի ունեցավ Mega MEET Las Vegas 2023 միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 800 մարզիկ: Հայկը վստահ ու, որ շատ կարեւոր է՝ տեխնիկապես ճիշտ ու գեղեցիկ հաղթանակ նվաճեց: Փոքրիկ-հաճելի նրբերանգ՝ մրցակիցների մեջ կային մեր ոխերիմ հարեւաններից, որոնք շատ շուտ հասկացան, որ նրա հետ ոտք մեկնելու ի զորու չեն:

Հայկին նոր, մեծ նվաճումներ մաղթենք՝ հանուն հայրենիքի: