Մասնագիտական կողմնորոշում. մենք երաշխավորում ենք, դիմորդները՝ ընտրում

Շարունակվում են մասնագիտական կողմնորոշման զրույցները ՀԱԱՀ վարժարանի սաների հետ: Այսօր՝ փետրվարի 21-ին, տասներորդցիներին հյուրընկալել էին ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանը, դոցենտ Արմեն Մկրտչյանը եւ ասիստենտ Մհեր Քոչարյանը:
88-ի աղետի ժամանակ մենք անպատրաստ էին եւ չունեինք կուռ, հստակ, փոխկապակցված ու անսխալ գործող փրկարարական, անհետաձգելի բուժօգնության ծառայություններ: Մինչդեռ դրանց գոյության դեպքում մեր մարդկային կորուստներն անհամեմատ ավելի քիչ կլինեին. «Մարդն է իր սխալ գործունեությամբ բնության տարերքը աղետի վերածում»,- ճշգրտորեն բանաձեւում է պրոֆեսոր Հակոբյանը:
Միանգամայն այլ է պատկերն այսօր: Մեր երկիրն ունի ժամանակակից պահանջները բավարարող արտակարգ իրավիճակների նախարարություն, սեյսմիկ, փրկարարական, օդերեւութաբանական եւ այլ, շատ կարեւոր, ծառայություններ: Եւ հենց այս համակարգի համար է ներկայացվող ամբիոնը մասնագետներ պատրաստում՝ միջազգային չափորոշիչների, արեւմտյան ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններին եւ ծրագրերին համապատասխան: Համաշխարհային աշխատաշուկայի ամենափնտրված ու պահանջարկված մասնագիտությունների շարքում է կենսագործունեության անվտանգությունը:
Արմեն Մկրտչյանը նշեց, որ կյանքում շատ հաճախ մենք հայտնվում ենք իրավիճակներում, երբ բախվում ենք երեք հարցի. ի՞նչ անել, ինչի՞ համար եւ ինչպե՞ս վարվել: Այս մասնագիտությունն ընտրած եւ կրթություն ստացողները կարողանում են արագ եւ անսխալ գտնել կենսականորեն կարեւոր այս հարցերի պատասխանները:
– Մենք երաշխավորում ենք բարձր կրթություն,- ասում է դոցենտ Մկրտչյանը,- բայց չենք պարտադրում: Ընտրությունը ձերն է: