Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ռեկտորատի հերթական նիստը նախագահող՝ ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը սկսեց լավ լուրով․ 2024-2025 ուստարում տարբեր ընթացակարգերով ՀԱԱՀ առաջին կուրս ընդունված ոչ տնտեսագիտական մասնագիտություններով շուրջ 220 ուսանող կստանա 70 հազար դրամ կրթաթոշակ։ Պարոն Զաքոյանը այս նվաճումը համարեց կառավարության հետ արդյունավետ գործակցության եւ օգտակար գործ անելու ցանկություն ունեցող մարդկանց համատեղ ջանքի արդյունքը։ Ընդ որում, առնվազն 90,01 ՄՈԳ ապահովող ուսանողների կրթաթոշակը կկազմի 77 հազ․ դրամ, իսկ 80,01-ից ցածր ՄՈԳ-ի պարագայում ուսանողը զրկվում է կրթաթոշակից։ «Սա մի կողմից լուծում է սոցիալական խնդիր, մյուս կողմից՝ խրախուսում բարձր առաջադիմությունը։ Այսպիսի կարճաժամկետ, միջնաժամկետ լուծումները մեզ վստահաբար կօգնեն զերծ մնալ ցնցումներից, իսկ երկարաժամկետ առումով մենք բոլորս պետք է լծվենք բարձրորակ մասնագետներ թողարկող բուհի համբավի հետագա բարձրացման գործին»։
Կրթաթոշակը տրամադրվելու է բակալավրիատի 14 եւ մագիստրատուրայի 15 կրթական ծրագրերի ուսանողներին․ արտոնությունից չեն օգտվելու տնտեսագիտական մասնագիտություններ եւ մի քանի ագրարային մասնագիտություններ ընտրած առաջինկուրսեցիներ։
Օրակարգային հարցերից էին ՀԱԱՀ ռեկտորատի 2024-2025 ուստարվա աշխատանքային պլանի քննարկումը եւ հաստատումը, 2023-2024 ուստարվա ակադեմիական պարտքերի հանձնման գործընթացը, 2024-2025 ուսումնական տարվա շրջափոխման տեղերի հաստատումը։ Բավականին մանրակրկիտ ու շահագրգիռ քննարկումներից հետո ռեկտորատի դիրքորոշումներն ամրագրվեցին համապատասխան որոշումների տեսքով։ Քննարկված հարցերի համատեքստում ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի եզրահանգում-ուղերձն էր՝ ուսանողի հետ ամեն կերպ աշխատել Ագրարայինի արժեհամակարգի ամրապնդման ուղղությամբ․ այստեղ պետք է ոչ թե պարզապես սովորել, այլ լավ սովորել եւ դառնալ մրցունակ մասնագետ։
Աշխատանքային կիսամյակի նախապատրաստական եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցեց Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը։ Զեկուցումից պարզ դարձավ, որ վերջին տարիներին մեր համալսարանի աշխատանքային ռիթմի կարեւոր մաս դարձած փորձուսուցման այս ձեւաչափը շարունակում է հաջողել։ Ագրոնոմիականում հերթական աշխատանքային կիսամյակի եզրափակիչ փուլն է հիմա․ այն ընթանում է բնականոն հունով, գործատուները որոշ ուսանողների արդեն հրամանագրել են որպես աշխատակիցների։
«Աշխատանքային կիսամյակի հաջողությունների մասին դեռ շատ ենք լսելու, բայց բարելավելու տեղ միշտ էլ կա։ Ընդ որում մենք պետք է էականորեն ընդլայնենք աշխատանքային կիսամյակն անցկացնելու համար մեր իսկ ուսումնափորձարարական տնտեսություններում ուսանողների ներգրավվածությունը, որ փոխադարձ օգտակար է եւ ուսանողի եւ համալսարանի համար», – ասաց պարոն Զաքոյանը։
Աշխատանքային կիսամյակի առնչությամբ լուրջ խոսակցություն եղավ մասնավորապես աշխատող ուսանողների վերաբերյալ։ Այս եւ հարակից շատ այլ հարցեր բոլոր ֆակուլտետների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ուսումնասիրել գործընկեր Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում՝ օգտվելով առաջիկայում գերմանացի գործընկերներից սպասվող հրավերքից։
Հիշեցնելով, որ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում անցյալ ուստարվա համեմատ այս տարի ընդունվել է 165-ով ավելի առաջինկուրսեցի, պարոն Զաքոյանը հորդորեց առանձնակի ուշադրության կենտրոնում պահել կարգապահական հարցերը։