Այսօր՝ հունվարի 27-ին ՀԱԱՀ մեծ դահլիճում կայացավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո ՀԱԱՀ իրականացրած «Շոկոլադագործություն» թեմայով վերապատրաստման դասընթացների մասնակիցների ավարտական հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը զուգակցվեց կարիերայի ուղղորդման միջոցառման հետ։ Պատահական չէր շոկոլադագործության ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ներկայացուցիչների ներկայությունը, որոնց արտադրատեսակների ցուցահանդեսը զուգահեռաբար անցկացվում էր 1-ին մասնաշենքի շքասրահում։
Շահառուների 18 խմբեր ներկայացնող ավելի քան 200 երիտասարդ մասնակիցների անունից խմբերի ներկայացուցիչները հավաստագրերը ստացան ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանից։
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ջերմորեն ողջունեց ներկաներին, շնորհավորեց վերապատրաստված երիտասարդներին։ Նա կարեւոր համարեց ոլորտի գործատուների եւ պոտենցիալ աշխատակիցների այս հանդիպումը եւ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հայաստանում մարդկային կապիտալի մեջ, այլ խոսքով՝ Հայաստանի ապագայի մեջ ներդրում անելու համար։
Ջոն Ալելոն, ջերմորեն ողջունելով բոլորին, բարձր գնահատեց աշխատաշուկայի իրական վիճակը պատկերացնելուն ուղղված միջոցառումը, քանի որ գործատուն անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ է փնտրում, երիտասարդներից շատերն էլ ասում են, թե աշխատանք չկա։ Պարոն Ալելոն վստահություն հայտնեց, որ միջոցառումը կնպաստի աշխատաշուկա-մասնագետ կապի այս խզումը հաղթահարելուն։ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը միտված է երիտասարդների կարողականության զարգացման՝ իրական կարիքների վրա հիմնված քայլերի իրականացմանը։
Ծրագրի ուղղություններով՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ հյուրընկալություն, արդեն 1000-ից ավելի մարդ է վերապատրաստվել։ Ընդհանուր առմամբ, 5-ամյա ծրագրով նախատեսված է վերապատրաստել շուրջ 10․000 երիտասարդի։ Ստեղծվելու է շուրջ 7000 աշխատատեղ, որից ավելի քան 3000-ը՝ ագրոլորտում։ Ագրարային համալսարանում վերապատրաստված բազմաթիվ երիտասարդներ բարձրացրել են որակավորումը իրենց աշխատատեղերում կամ աշխատանք գտել ոլորտում կամ էլ արդեն ստեղծել սեփական ապրանքանիշերը։
Օրվա բանախոսների թվում էին նաեւ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալը, շոկոլադի արտադրության ոլորտում հայտնի մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ։ Նրանք շնորհակալություն հայտնեցին ծրագրի շրջանակում եւ դրանից դուրս Ագրարային համալսարանի հետ արդյունավետ համագործակցության համար եւ պատրաստակամություն արտահայտեցին խորացնել հարաբերություններն ու համատեղ աշխատանքները։
Գործատուների հետ շփվելու եւ տեղում ինքնակենսագրական փաստաթղթերը հանձնելու այս յուրօրինակ հնարավորությունից զատ, մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսելու ոչ միայն նրանց, այլեւ ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում անցկացված դասընթացների տարբեր ժամանակների մասնակիցների ստեղծած շոկոլադները։
Բուն լաբորատորիայում Ջոն Ալելոյին եւ ռեկտոր Ուռուտյանին հնարավորություն ընձեռվեց մասնակցելու շոկոլադ պատրաստելու գործընթացին եւ որոշակի հմտություններ ձեռք բերելու այս ասպարեզում։ Պարոն Ալելոն ծանոթացավ նաեւ համալսարանի՝ գործող եւ ստեղծման փուլում գտնվող մի քանի այլ ուսումնահետազոտական ենթակառույցներին։
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի եւ ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։