Հագեցած եւ ձեռքբերումներով լի օր անասնաբույժ-անասնաբույծների համար

ՀԱԱՀ ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում մայիսի 25-ին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում անցկացվեցին մի քանի  միջոցառումներ։

Մասնավորապես, «Անասնաբուժության կարեւորությունը» խորագրով սեմինար-հանդիպում կայացավ ոլորտի փորձագետներ Արման Օհանյանի եւ Դավիթ Նավասարդյանի հետ։ Նրանք ապագա գործընկերներին հաղորդակից դարձրեցին իրենց փորձին, մասնագիտության կարեւորությանը սննդի շղթայում, մասնագիտական հմտությունների բարելավման ներկա հնարավորություններին, մասնավոր անասնաբուժական սպասարկման 10 հիմնաքարերին։

Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահ եւ Սմարթ Ագրո ընկերության տնօրեն Արման Օհանյանի հիմնական ուղերձը ուսանողներին մասնագիտության հանդեպ սիրո ու նվիրվածության անհրաժեշտությունն է, որ պետք է արտահայտվի ամեն օր, ամեն ժամ, տարին «13 ամիս»։ Ի դեպ, անասնաբույժ եւ անասնաբույծ ուսանողները հրավեր ստացան մասնագիտական փորձուսուցում անցնել Սմարթ Ագրոյում։

Գիտական շաբաթվա շրջանակում անասնաբույժ-անասնաբույծները հյուրընկալեցին նաեւ գործող անասնաբույժ Վահե Մկրտչյանին եւ ծանոթացան ճիշտ ախտորոշման եւ բուժման նրա մեթոդներին։

Նույն օրը ֆակուլտետում տեղի ունեցած ուսանողական գիտական ժողովի ընթացքում ներկայացվեց 13 զեկույց, որոնց թեմաներն ընդգրկում էին՝ հայրական բնազդից մինչեւ ապխտած թռչնամսի անվտանգության գնահատումը․․․ Լավագույն 3 զեկույցները կներկայացվեն առաջիկա միջբուհական գիտաժողովին։

Ֆակուլտետի համար հագեցած եւ հետաքրքիր օրն ավարտվեց եւս մեկ հաճելի իրադարձությամբ՝ գիտական շաբաթվա ինտելեկտուալ խաղ-մրցույթում 1-ին հորիզոնականով։