ՀԱԱՀ-ի ռեկտորը գործակցային համաձայնագիր է ստորագրել Նորվեգիայում

0 Shares

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ փետրվարի 11-ին Նորվեգիայում Էրասմուս + ծրագրի նոր համաձայնագիր է ստորագրել գործող միջազգային կոնսորցիումի շրջանակում: Կոնսորցիումի անդամներն են՝ Նորվեգիայի արկտիկական համալսարանը (UiT), Նորվեգական կիրառական գիտությունների համալսարանը (NMBU), Կենսատնտեսական հետազոտությունների նորվեգական ինստիտուտը (NIBIO), Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Երեւանի պետական համալսարանը: Պարոն Ուռուտյանը Նորվեգիայում էր UiT-ի ռեկտոր Աննե Հուսեբեկի հրավերով։

Համաձայնագիրը հնարավորություն է տալիս շարունակել ՀԱԱՀ-ի եւ UiT-ի միջեւ 2017-2019թթ. իրականացված արդյունավետ գործակցությունը «Գյուղատնտեսական զարգացման համար Նորվեգիա-Հայաստան համագործակցության ծրագիր բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառներում» նախագծի շրջանակում: Նախագիծը ֆինանսավորում է Միջազգային համագործակցության նորվեգական կենտրոնի Եվրասիա ծրագիրը, Բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության եւ որակի բարելավման նորվեգական գործակալությունը (DIKU), ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Մոլեկուլային բուսաբուծություն գյուղատնտեսությունում» Էրասմուս + 2018-1-NO01-KA107-038740 նախագիծը:

Համագործակցության նախորդ երեք տարիների ընթացքում ՀԱԱՀ-ի 22 ուսանողներ եւ 30 աշխատակիցներ մասնակցել են շարժունության ծրագրերի: Այս պահին մեր համալսարանի 3 ուսանող վերապատրաստում է անցնում UiT-ում եւ NIBIO-ում:

Նորվեգիա այցի ընթացքում, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով ռեկտոր Ուռուտյանը եղել է NIBIO-ում, NOFIMA-ում, Ակվապլան Նիվայում եւ Կլիմայական լաբորատորիայում: Հետազոտական եւ զարգացման համատեղ ծրագրերի իրականացման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաները ներառում են, մասնավորապես, ձկնաբուծությունը,  բույսերի կենսաբանությունը եւ կենսատեխնոլոգիան, ագրոպարենային համալիրի մատակարարման շղթաներ, կոնսատեխնոլոգիական ինկուբատորներ: