Ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում Ուսանողական գիտական ընկերությունը եւ Ուսխորհուրդը մայիսի 25-ին հաճելի անակնկալ մատուցեցին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներին ու դասախոսներին՝ որպես բանախոս հրավիրելով պետական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, ՀՊՏՀ Ամբերդ գիտական կենտրոնի նախկին տնօրեն, այժմ ավագ փորձագետ, բազմաթիվ գիտական աշխատությունների, մասնագիտական եւ այլ դասագրքերի ու հանրամատչելի գրքերի հեղինակ, պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Սամվել Ավետիսյանին։ Նա ՀԱԱՀ շրջանավարտ է եւ երկար տարիների դասախոս։
Գյուղատնտեսական տնտեսագիտության ոլորտի ճանաչված առաջատար գիտնականը ապագա գործընկերներին հաղորդակից դարձրեց իր հարուստ աշխատանքային, գիտական գործունեությանն ու կենսափորձին։ Ուսանողները հաճույքով եւ ուշադրությամբ ունկնդրեցին Սամվել Ավետիսյանի հաջողության պատմությունը՝ որպես կայացած, հայաստանյան եւ միջազգային գիտական հանրության շրջանում հարգված մասնագետի, պետական գործչի, Ագրարային համալսարանի նվիրյալ երախտավորի եւ ընտանիքի հոր (շեշտեց՝ ընտանիքի եւ թիմի դերը վճռական է որպես մասնագետ հաջողության հասնելու համար)։
Ճանաչված գիտնականների հետ հանդիպումները, որ Ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում պլանավորել էին ՈՒԳԸ-ն ու Ուսխորհուրդը՝ ծառայում են իրենց նպատակին, այն է՝ կապ ստեղծել գիտնականների ներկա եւ ապագա սերունդների միջեւ։ Պրոֆեսոր Ավետիսյանի առինքնող խոսքը հասավ ունկնդիրների սրտին․ ամեն ինչ հետաքրքիր էր ուսանողների եւ դասախոսների համար։ Նրա անցած ուղին օրինակելի է՝ սկսած Ագրարայինն ավարտելուց հետո կոլտնտեսության տնտեսագետ նշանակվելուց մինչեւ այսօր, երբ վաստակաշատ գիտնականը, գիտական եւ հետազոտական այլ հետաքրքրություններից զատ, սկսել է զբաղվել նաեւ խիստ արդիական այնպիսի խնդրով, ինչպիսին շրջանաձեւ տնտեսությունն է։
Հանդիպման ավարտին Սամվել Ավետիսյանը հերթական անգամ հարազատ համալսարանին նվիրեց իր հեղինակած գրքերից եւս մի քանիսը։